Ֆեդերեր. Այս մրցաշրջանի համար դեռ նպատակներ ունեմ

14:55 09.10.2018

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է առաջիկա մրցաշարերի և ընթացիկ մրցաշրջանում իր ելույթների մասին.

«Ես սիրում եմ մրցաշրջանի այս հատվածը: Միշտ էլ լավ եմ հանդես գալիս այս շրջանում: Գուցե նրանից է, որ Բազելի և Ամփոփիչ մրցաշարերի կորտերի ծածկույթները թույլ են տալիս ավելի արագ խաղալ: Այս մրցաշարերում հաջողությունների եմ հասել:

Հույս ունեմ՝ այս անգամ ևս հաջող հանդես կգամ: US Open-ից հետո հանգստանալու հնարավորություն եմ ունեցել: Զգում եմ, որ հիմա լավ մարզավիճակում եմ: Բնականաբար, այս մրցաշրջանի համար դեռ նպատակներ ունեմ: Անցյալ տարին ինձ համար հեքիաթային էր: Միայն հիասթափեցրեց այն, որ Ամփոփիչ մրցաշարում պարտվեցի Գոֆենին:

Այս մրցաշրջանը ևս հիանալի դասավորվեց ինձ համար: Ես հաղթեցի Ավստրալիայում, վերադարձա վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական, Ինդիան-Ուելսում լավ եզրափակիչ ունեցա, Ցինցինատիում այնքան էլ լավ հանդես չեկա, բայց կարողացա դուրս գալ եզրափակիչ:

Հիմա երջանիկ եմ և առողջ: Միշտ ասել եմ՝ եթե հաղթում ես «Մեծ սաղավարտի» մրցաշարում, մրցաշրջանը չի կարող անհաջող լինել, բայց ես դեռ պետք է պայքարեմ նոր տիտղոսների համար»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է ATP-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում Ռոջեր Ֆեդերերը հաղթել է Ավստրալիայի Բաց առաջնությունում, Ռոտերդամի և Շտուտգարտի մրցաշարերում:

Share |

Լրահոս