Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել ConiFA-ի թեմայով

22:34 10.10.2018

Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների համադաշնությունը (ConiFA) 2019թ.-ի հունիսի 4-15-ին կայանալիք եվրոպայի առաջնությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում:

Առաջնության պատշաճ կազմակերպման համար Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, անցկացվել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և ԱՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները:

Իր խոսքում պետնախարարը ողջունել է ConiFA-ի որոշումը և նշել, որ անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի մրցաշարն անցկացվի բարձր մակարդակով: Այդ կապակցությամբ նախ ներկայացվել են առաջնության պահանջներն ու խնդիրները, որից հետո խորհրդակցության մասնակիցները հայտնել են իրենց կարծիքներն ու առաջարկները: Մասնավորապես նշվել է, որ սահմանված ժամկետներում պետք է մայրաքաղաքի և շրջանների ֆուտբոլի այն մարզադաշտերը, որտեղ նախատեսված է խաղերի անցկացումը, համապատասխանեցվեն պահանջվող չափանիշներին: Քննարկվել են անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, առաջնության լայն լուսաբանման, մշակութային ծրագրերի կազմակերպման և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

«Անհրաժեշտ է հստակեցնել առաջնությանը մասնակից բոլոր հավաքականների ու երկրպագուների ընդունմանը, նրանց համար հաճելի միջավայրի ստեղծմանը վերաբերող բոլոր հարցերը: Այդ խոշոր միջոցառումը պետք է վերածենք ֆուտբոլային իսկական տոնի, որպեսզի հայ հանդիսատեսն այն լիարժեք վայելի», - ասել է Գ. Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև առաջնության կազմակերպմանը վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր:

Share |

Լրահոս