Վարկած. Ինչո՞ւ է Ռոնալդուն բոյկոտում Ազգերի լիգան

12:53 10.10.2018

Իտալացի հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտարարել է, որ «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի լիգան:

«Tuttomercatoweb» կայքի իր սյունակում Պալմերին գրում է, որ Ռոնալդուն կարծում է, թե Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը և ՈւԵՖԱ-ն իր դեմ են տրամադրված:

Լրագրողը Ռոնալդուի մտերիմներից տեղեկացել է, որ ֆուտբոլիստը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին մեղադրում է իրենից վրեժխնդիր լինելու համար:

Կրիշտիանուն կարծում է, որ Պերեսը, դժգոհ լինելով ֆուտբոլիստի՝ «Յուվենտուս» տեղափոխությունից, որոշել է վրեժ լուծել և ազդել է ՈւԵՖԱ-ի վարկածով 2017-18թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի ընտրության արդյունքների վրա: Ըստ Ռոնալդուի, Պերեսն օգտագործել է ՈւԵՖԱ-ում իր կապերը, ինչի արդյունքում լավագույնի մրցանակը ստացել է ոչ թե պորտուգալացին, այլ «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Բացի այդ, Ռոնալդուն կարծում է, թե Պերեսը «խառնված է» նաև իրեն ուղղված բռնաբարության վերաբերյալ մեղադրանքներում: Հիշեցնենք, որ ամերիկուհի Քեթրին Մայորգան Ռոնալդուին դատի է տվել՝ 2009 թվականին իրեն բռնաբարելու մեղադրանքով:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ռոնալդուն որոշել է չմասնակցել ՈւԵՖԱ-ի հովանո ներքո անցկացվող Ազգերի լիգային:

Ավելի վաղ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը չէր նշել, թե ինչու Ռոնալդուն չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին: Սանտուշը միայն ասել էր, որ նման որոշում է կայացվել իր, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ժիլբերտու Մադաիլայի և Ռոնալդուի համատեղ քննարկման ժամանակ:

Share |

Լրահոս