Պուտինը Նուրմագոմեդովի հորը խնդրել է խիստ չպատժել որդուն (տեսանյութ)

13:28 11.10.2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և նրա հոր` Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ:

ՌԴ նախագահը շնորհավորել է դաղստանցի մարզիկին Կոնոր Մաքգրեգորի նկատմամբ Լաս-Վեգասում տարած հաղթանակի առթիվ, ինչպես նաև խնդրել նրա հորը խիստ չպատժել Խաբիբին` մենամարտի ավարտից հետո ծեծկռտուք սարքելու համար:

Ավելի վաղ, Աբդուլմանապը հայտարարել էր, որ UFC-ից էլ դաժան կպատժի Խաբիբին:

«Կխնդրեմ հորդ, որ քեզ խիստ չպատժի»,- կատակել է Պուտինը և հավելել, որ տիտղոսի համար պայքարում Խաբիբը վստահ հաղթանակ է տարել.

«Ամեն դեպքում, գլխավոր խնդիրը կատարել ես` արժանի և շատ վստահ հաղթանակ ես տարել»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ UFC 229 մրցաշարի շրջանակում կայացած Խաբիբ Նուրմագոմեդով-Կոնոր Մաքգրեգոր մենամարտում հաղթելուց հետո Խաբիբն ու իր թիմակիցները ծեծկռտուք էին սարքել: Միջադեպից հետո լուրեր էին շրջանառվում, որ UFC-ն կարող է պատժել Նուրմագոմեդովին և նրան չտալ չեմպիոնական գոտին:

Share |

Լրահոս