Թերին նշանակվել է Ասթոն Վիլայի նոր գլխավոր մարզչի օգնական

10:15 11.10.2018

«Ասթոն Վիլան» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Դին Սմիթին, իսկ օգնականի պաշտոնում Ջոն Թերիին նշանակելու մասին, հայտնում է բիրմինգեմյան ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբը հայտարարել է նաև ակումբի մարզական տնօրենի պաշտոնում Խեսուս Գարսիա Պիտարխին նշանակելու մասին, ով նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել էր «Վալենսիայում» և Մադրիդի «Աթլետիկոյում»:

Հիշեցնենք` 37-ամյա Թերին մի քանի օր առաջ հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին և հիմա պատրաստ է դառնալ մարզիչ:

Նախորդ մրցաշրջանում Թերին խաղացել է «Ասթոն Վիլայի» կազմում` ակումբում անցկացնելով 36 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ:

«Ասթոն Վիլան» անհաջող էր մեկնարկել ընթացիկ առաջնությունում Սթիվ Բրյուսի գլխավորությամբ, ով հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

12 տուրից հետո թիմը 15 միավոր է վաստակել և զբաղեցնում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի միայն 15-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս