Սոկրատիսը Մխիթարյանի ամուսնության և Հայաստան այցելելու իր ցանկության մասին (տեսանյութ)

17:16 25.10.2018

«Արսենալի» ֆուտբոլիստներ Սոկրատիս Պապաստատոպուլոսն ու Հենրիխ Մխիթարյանը, ովքեր ոչ միայն թիմակիցներ են, այլև շատ մտերիմ ընկերներ, լոնդոնյան ակումբի մամուլի քարտուղարության կազմակերպած հարց-պատասխանի ընթացքում միմյանց ուղղել են տարբեր հարցեր, խոսել իրենց և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ընկերության,  առաջին տպավորությունների և այլ հետաքրքիր հարցերի մասին.

Խոսելով իրենց մտերմության մասին` «Արսենալի» հույն պաշտպանը շեշտել է, որ ինքն ու Մխիթարյանն ունեն նույն հայացքները, շատ հարցերի շուրջ նույն կերպ են մտածում:

Սոկրատիսը նաև նշել է, որ չի բացառվում, որ ինքը մի օր այցելի Հայաստան.

«Մխիթարյանն ու Օբամեյանգը այն մարդիկ են, որոնց հետ ֆուտբոլից հետո ես զրուցում եմ հեռախոսով, միմյանց ուղարկում ենք հաղորդագրություններ: Գուցե մի օր նրանք գան Հունաստան, ես էլ գնամ Հայաստան, կամ միգուցե` Գաբոն: Իհարկե, Գաբոնը փոքր-ինչ հեռու է, բայց մի օր գուցե գնանք»,- ասել է Սոկրատիսը:

Մխիթարյանն էլ հավելել է, որ իրեն սպասում են Հայաստանում:

Խոսելով դեռ 2013 թվականին Դորտմունդի «Բորուսիայում» Մխիթարյանից ստացած առաջին տպավորության մասին` Սոկրատիսը մասնավորապես ասել է.

«Շատ ուրախ եմ, որ Մխիթարյանի նման ընկեր ունեմ: Մենք նույն բաներն ենք սիրում, նույն կերպ ենք մտածում, խոսում ենք այն ամենի մասին, ինչը հետաքրքիր է երկուսիս: Մխիթարյանն այդ ժամանակ դարձավ «Բորուսիայի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը, ու Գերմանիայում շատ էին խոսում այդ մասին: Ասում էին` տեսնենք, թե իրեն ինչպես կդրսևորի, քանի որ մեծ գումարներ էր վճարվել նրա համար: 

Բայց հենց առաջին իսկ մարզումից Մխիթարյանը բոլորին տպավորեց: Բոլորը համոզվեցին, որ Միքին Գերմանիայում հիանալի կդրսևորի իրեն»,- ասել է Սոկրատիսը:

Մխիթարյանը Սոկրատիսին հարցրել է նաև այն մասին, թե իրենք արդյոք փոխվե՞լ են տարիների ընթացքում.

«Իհարկե, մեծանալով` մարդ փոխվում է, մտածելակերպը փոխվում է: Ամեն դեպքում, արդեն 5 տարի մենք ընկերներ ենք, ու բոլորս էլ փոխվել ենք ինչ-որ առումներով: Սեփական ընտանիքի առկայությունը ևս կարող է շատ բան փոխել: Օրինակ, ես և Օբամեյանգը ունենք մեր ընտանիքները, երեխաներ, իսկ Մխիթարյանը դեռևս չի ստեղծել իր ընտանիքը: Հուսով եմ` հաջորդ տարի կստեղծի ու կմիանա մեր` ամուսնացածների ակումբին»,- ասել է Սոկրատիսը և Մխիթարյանին հարց ուղղել այս մրցաշրջանի հետ կապված իրենց ծրագրերի և նպատակների մասին.

«Որպես ֆուտբոլիստ` ես միշտ ձգտում եմ խաղալ հաղթանակի համար: Մշտապես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել, քանի որ կարիերայի ավարտին մարդիկ կհիշեն միայն քո տիտղոսները, ինչպես նաև քո անցկացրած էմոցիոնալ խաղերը: Հենց այդ պատճառով եմ ընտրել «Արսենալը», քանի որ գիտեմ, որ այստեղ ունակ են հաղթելու և տիտղոսներ նվաճելու: Վստահ եմ` այս տարին շատ լավն է լինելու մեզ համար:

Անձամբ իմ նպատակը հաջորդ տարի «Արսենալին» նորից Չեմպիոնների լիգայում տեսնելն է, քանի որ կարծում եմ, որ այս թիմը պատկանում է այդ մրցաշարին: Դեռ փոքրուց միշտ դիտել եմ, թե ինչպես է «Արսենալը» հանդես գալիս Չեմպիոնների լիգայում և ոչ` Եվրոպա լիգայում: Բայց եղան ժամանակներ, երբ այս թիմը փոքր-ինչ տառապեց, անկում ապրեց, և ես հույս ունեմ, որ հիմա մենք կունենանք վերելքներ, կշարունակենք լավ աշխատել և հայտնվել Չեմպիոնների լիգայում»,- նշել է Մխիթարյանը:

Մանրամասները` տեսանյութում.

Share |

Լրահոս