ՀՖՖ-ն Արարատ Առաքելյանի և եղբոր պահվածքը խուլիգանական է որակել և դարձյալ դիմել է ոստիկանությանը (տեսանյութ)

17:53 29.10.2018

Հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել է միջադեպ, որի ընթացքում «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել է հանդիպման մրցավարին:

ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` «Բանանց ՖԱ» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել է «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»), համապատասխան պատիժ են ստացել «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները:

Հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել է նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որն ընդհանրապես հայտավորված չի եղել հանդիպմանը որպես պաշտոնատար անձ:

Միջադեպի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել հանդիպման մրցավարը, «Բանանց» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբները, «Բանանց-1-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խստորեն դատապարտում է միջադեպի մասնակից Արտյոմ և Արարատ Առաքելյանների պահվածքը՝ այն համարելով անթույլատրելի:

Միջադեպը քննարկվելու է ՀՖՖ Գործկոմի առաջիկա նիստում, և մեղավորները ստանալու են ամենախիստ պատիժները:

ՀՖՖ-ն հրավիրում է նաև ՀՀ Ոստիկանության ուշադրությունը տեղի ունեցածի վրա:

Share |

Լրահոս