ՀՖՖ-ի որոշումը Արարատ և Արտյոմ Առաքելյանների գործով

18:13 02.11.2018

Նոյեմբերի 2-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում էՀՖՖ-ի պաշտոնական կայքը;

Օրակարգում էր հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, որի ընթացքում «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել էր հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` «Բանանց» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել էր հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»): Նույն հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել էր նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որը հայտավորված չէր հանդիպմանը՝ որպես պաշտոնատար անձ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն, մանրամասն քննարկել է միջադեպը և հանդիպման մրցավարի, Արտյոմ Առաքելյանի, «Փյունիկ» և «Բանանց» ակումբների ներկայացրած բացատրությունները:

ՀՖՖ Գործկոմը խստորեն դատապարտում է Առաքելյան եղբայրների պահվածքը, հորդորում ակումբներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները բոլոր հանդիպումների ընթացքում: Միաժամանակ ՀՖՖ Գործկոմը հետագայում հետամուտ է լինելու նմանատիպ գործողությունների կանխմանը, իսկ կարգազանցները կրելու են ամենախիստ պատիժները:

Հավելենք, որ վերջերս Armsport.am-ին տված հարցազրույցում միջադեպի համար ներողություն էր խնդրել Հայաստանի հավաքականի նախկին ֆոտբոլիստ Արարատ Առաքելյանը

 

Share |

Լրահոս