Այսպես լինում է ֆիլմերում. Արարատը 90+4-րդ րոպեին ոչ-ոքի կորզեց Լոռիի հետ խաղում

16:55 04.11.2018

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է Վանաձորի «Լոռիին» և դրամատիկ խաղում ոչ-ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:

Առաջին կեսում դարպասի գրավում չի արձանագրվել: Հատկանշական է, որ հաշիվը բացել են հյուրերը 66-րդ րոպեին Ջոնել Դեսիրեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ:

Հայիթիի հավաքականի 21-ամյա հարձակվողն, այսպիսով, իր գոլերի թիվը Հայաստանը ընթացիկ առաջնությունում հասցրել է 8-ի և այժմ միանձնյա գլխավորում է լավագույն ռմբարկուների ցանկը:

«Արարատի» ֆուտբոլիստները հաշիվը կարողացել են հավասարեցնել խաղի 74-րդ րոպեին. Սարգիս Մեթոյանն է գրավել «Լոռիի» դարպասն ու հավասարեցրել հաշիվը:

12 րոպե անց «Լոռիի» նիգերիացի հարձակվող Ֆրանսիս Նվանկոն, ով փոխարինման է դուրս եկել, գրավել է Միխայիլ Պետրուշենկովի դարպասն ու կարևոր հաղթանակի հույսեր պահպանել Վանաձորը ներկայացնող թիմի համար, բայց 90+4-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստ Գոռ Պողոսյանը գրավել է Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասն ու միավոր պարգևել իր թիմին:

Նշենք` լարված վերջաբանով խաղի ավարտից հետո ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների և «Լոռիի» երկրպագուների միջև. մրցավարներն արդյունքում կարողացել են հանդարտեցնել կրքերը:

Այս հանդիպումից հետո «Լոռին» իր միավորների թիվը հասցրել է 24-ի և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: 

Իսկ «Արարատը» 7 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս