Առանց կարմիր կակաչի. Մատիչի բացատրությունը մեկն է՝ հայրենասիրություն

19:47 06.11.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի (1:2) ժամանակ «Դին Կորտ» մարզադաշտ դուրս եկած բոլոր ֆուտբոլիստները, բացի մեկից, կրում էին կարմիր կակաչով խաղաշապիկներ:

Կարմիր կակաչը մարզաշապիկների վրա պատկերում են ի հիշատակ բրիտանացի զոհված զինվորների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակում զոհվածների։ Սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով նախկինում կրել է այդ նշանով մարզաշապիկ, միայն հանդիպումից առաջ է տեղեկացել կակաչի նշանակություն մասին:

Daily Mail-ի հաղորդմամբ, «Բորնմութի» հետ հանդիպումից առաջ Մատիչը խնդրել է բացատրել կարմիր կակաչի նշանակությունը, ապա նշանը պոկել է մարզաշապիկից և հայտարարել՝ այն երբեք չի կրի, իսկ ակումբի հակառակ պահանջի դեպքում պատրաստ է հեռանալ: 30-ամյա ֆուտբոլիստը հիշեցրել է, որ բրիտանական զինուժը ժամանակին ՆԱՏՕ-ի առաքելության մեջ ռմբակոծել է Սերբիան, իսկ հանդիպումից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում.

«Ես հասկանում եմ՝ ինչու են մարդիկ կարմիր կակաչի նշան կրում և հարգում եմ յուրաքանչյուրի իրավունքը: Ցավակցում եմ բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին, սակայն ինձ համար դա հիշեցում է այն հարձակումների, որոնք ես ապրել եմ Վրելոյում (սերբական գյուղ - խմբ.), 12 տարեկանում: 1999 թվականին իմ երկիրն ավիրվեց ռմբակոծությունների պատճառով:

Նախկինում այդ նշանը կրել եմ, սակայն այժմ կարծում եմ՝ իմ դեպքում սխալ է նման բան անել: Ես չեմ ցանկանում կրել բրիտանական հպարտություն արտահայտող նշան կամ վիրավորել որևէ մեկին, սակայն մենք բոլորս մեր դաստիարակությունն ունենք: 

Սա անձնական որոշում է՝ հիմնավորված վերոնշյալ պատճառներով: Հույս ունեմ, որ հիմա, երբ բացատրեցի պատճառները, բոլորն ինձ ճիշտ կհասկանան, և ես կկարողանամ կենտրոնանալ առաջիկա խաղերում թիմիս օգնելու վրա»,- գրել է Մատիչը:

«Բորնմութ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Մատիչն առանց կարմիր կակաչի միակ ֆուտբոլիստն էր, սակայն Անգլիայում նա համախոհ ունի: «Սթոքի» վինգեր Ջեյմս Մակլեյնը ևս չի կրել այդ նշանով մարզաշապիկ: Մակլեյնը մեծացել է Դերի քաղաքում, որտեղ «Արյունահեղ կիրակի»-ի շրջանակում (1972 թվական) բրիտանական զինվորները կրակ են բացել 28 անզեն ցուցարարների ուղղությամբ, ինչի արդյունքում մահացել է 13 հոգի: Մակլեյնը հրաժարվել էր կարմիր կակաչով մարզաշապիկ նաև 2015 թվականին, երբ ենթարկվել էր բրիտանական մամուլի սուր քննադատությանը:

Մինչ բրիտանական լրատվամիջոցները կշարունակեն քննարկել Մատիչի և նրա նման սկզբունքային ֆուտբոլիստների պահվածքը, Նեմանյան կշարունակի մտահոգվել հայրենիքի բարօրությամբ:

2014 թվականին Սերբիայում ջրհեղեղների պատճառով մահացավ 60 հոգի: Մատիչի ֆինանսավորմամբ վերանորոգվեցին Ուբ քաղաքի հրշեջ ծառայության կայանը, մանկապարտեզը, ֆուտբոլային դաշտերը: Այս տարի քաղաքի փողոցներից մեկն անվանել են Մատիչի պատվին:

Իսկ երբ արձակուրդներին Մատիչը ժամանում է հարազատ Վրելո գյուղ, պարտադիր մտնում է տեղի խանութներից մեկը, խնդրում է պարտքերի ցուցակը, տեղեկանում է՝ ովքեր են գնումները պարտքով կատարել և վճարում:

Հավելենք՝ սերբական իշխանությունների գնահատմամբ,1999 թվականի մարտի 24-ից հունիսի 10-ը տևած ռմբակոծությունների արդյունքում մահացել է մոտ 2,5 հազար մարդ, այդ թվում՝ 89 երեխա: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, Սերբիայի կրած նյութական վնասը գնահատվում է 30-100 միլիարդ դոլար: 

Share |

Լրահոս