Սպարտակ Գասպարյան. ԱԱ-ում Արթուր Առուշանյանի արծաթե մեդալը մեծ նվաճում եմ համարում

22:00 06.11.2018

Աստանայում օրեր առաջ կայացած կիոկուշին-կայ կարատեի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, մարզիկ, 65 կգ քաշային Արթուր Առուշանյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Հայաստանի Կիոկուշինի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 4 հոգանոց կազմով՝ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ:

Արթուր Առուշանյանն ու Սպարտակ Գասպարյանը, վերադառնալով հայրենիք, անմիջապես օդանավակայանից հյուրընկալվել են Armsport.am-ին, ամփոփել առաջնությունը, խոսել զգացողությունների և առաջիկա ծրագրերի մասին:

«Արթուր Առուշանյանը, հաղթելով 5 մենամարտ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ սակայն պարտվել է ճապոնացի մարզիկին: Հավասար ու բավականին երկար` մոտ 8 րոպե տևած եզրափակիչ մենամարտի արդյունքում մրցավարները հաղթանակը շնորհեցին ճապոնացուն: Ընդհանուր առմամբ, առաջնությունը բավականին լավ էր կազմակերպված՝ ի տարբերություն վիճակահանության: Ղազախ մարզիկները բավականին շատ էին: Այնպես ստացվեց, որ 1/4 եզրափակչում մեր մյուս ներկայացուցիչը` Կարպիս Կարապետյանը մրցեց Արթուրի հետ: Եթե վիճակահանությունն այլ կերպ անցկացվեր, վստահ եմ` էլի մեդալ կունենայինք: Կարպիսը ստացավ աշխարհի 4-րդ մրցանակը:

Մեր մյուս ներկայացուցիչը` Էմիլ Ղազարյանը, ունեցավ 3 մենամարտ, դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ արդեն պարտվեց Ղազախստանի մարզիկին: Իսկ արցախցի Դավիթ Ավետիսյանը, ով դեռ շատ երիտասարդ է, պարտվեց հենց առաջին մենամարտում»,- նշել է Սպարտակ Գասպարյանն ու խոսել եզրափակիչ մենամարտում մրցավարների աշխատանքի մասին.

«Իմ սկզբունքներից ելնելով` ես երբեք մեղքը չեմ բարդել մրցավարների վրա, բայց աննշան միտում նրանց կողմից նկատելի էր: Բայց, լինելով Արթուրի մարզիչը, պետք է խոստովանեմ, որ Արթուրը փոքր-ինչ զիջեց: Մինչ այդ Արթուրը ձեռքի վնասվածք էր ստացել ու դա էլ խանգարեց: Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Բավարարվեցինք երկրորդ տեղով, ինչը մեծ նվաճում եմ համարում: Հավատացած եմ, որ հաջորդ անգամ արդեն չեմպիոնի կոչումը կնվաճենք»:

Աշխարհի առաջնությունում ունեցած ելույթների մասին իր կարծիքով կիսվել է նաև Արթուր Առուշանյանը.

«Իմ քաշային կարգն ամենախտացվածն էր` 38 մասնակից էր հանդես գալիս: Ու մինչև եզրափակիչ հասնելը, ինչպես նշվեց, ձեռքս էի վնասել, չէի կարողանում ամբողջ ուժով մասնակցել: Գիտենք, թե որ հարցերում թերացա ու ինչ սխալներ թույլ տվեցի, պետք է աշխատեմ հաջորդ մրցաշարերում այդ սխալները չկրկնելու ուղղությամբ: Պետք է անենք այնպես, որ մրցավարները երկար չմտածեն, թե ում տան հաղթանակը, այլ անմիջապես` առանց վարանելու, հաղթանակը շնորհեն մեզ:

Ցավալի է, որ 1/4-ում մրցեցի Կարպիս Կարապետյանի հետ: Կցանկանայի, որ մենք հանդիպեինք կիսաեզրափակչում կամ եզրափակչում, որ ավելի հետաքրքիր լիներ: Ոչ մի պայմանավորվածություն չկար. որոշեցինք մենամարտել այնպես, ինչպես մյուսների հետ: Ով ավելի ուժեղ գտնվեր, նա էլ պետք է հաղթանակ տաներ:

«Աշխարհի առաջնություններից սա իմ 5-րդ Գավաթն է: Իհարկե, շատ հաճելի է մեդալակիր դառնալը, բայց առավել հաճելի ու կարևոր է մարզչի գոհունակությունը մեր անցկացրած մենամարտերից: Մարզիչն է այն միակ մարդը, ով սկզբից մինչև վերջ տեսնում է, թե ինչ քրտնաջան աշխատանք ես կատարել, ու եթե նա գոհ է, ուրեմն գնահատում է աշխատանքդ»,- նշում է Արթուր Առուշանյանը:

Սպարտակ Գասպարյանի խոսքով իրենք արդեն վերադառնալիս սկսել են մտածել հաջորդ ամիս Բուլղարիայում կայանալիք մեծահասակների և երեխաների Եվրոպայի առաջնության մասին.

«3-4 օր հանգիստ է տրամադրվել մարզիկներին: Դրանից հետո կանցնեն շատ խիտ մարզումային գրաֆիկի: Ամեն ինչ պետք է անենք այս արդյունքներն ու հաջողությունները կրկնելու համար: Արթուրի հաջողությանը սպասում էի, պետք է վերլուծություն անենք ու հասկանանք, թե ինչը մեզ չբավականացրեց չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Չպետք է մեղադրենք որևէ մեկին ու չհուսահատվենք:

Պետք է ամեն ինչ անենք Եվրոպայի առաջնությունում սխալները չկրկնելու և ոսկե մեդալ նվաճելու համար: Հավաքականի կազմը հիմնականում ձևավորված է, մոտ 90 տոկոսով: Շուտով նախընտրական մրցաշար կանցկացնենք ու արդեն 100 տոկոսով կձևավորվի Եվրոպայի առաջնության մեկնող մեր տղաների կազմը:

Ինչպես արդեն նշեցի 12-17 տարեկաններ մարզիկները նույն ժամանակահատվածում և նույն վայրում կմասնակցեն աշխարհի առաջնությանը, իսկ 18 տարեկանից բարձր մարզիկները՝ Եվրոպայի առաջնությանը: 12-17 տարեկան 20-21 մարզիկ ունենք, իսկ արդեն մեծահասակների կազմը բաղկացած կլինի 4 մարզիկից»,- պատմում է Սպարտակ Գասպարյանը:

Կիոկուշին-կայ կարատե դո ազգային ֆեդերացիայի նախագահը նշեց նաև որ իրենք մոտ մեկ ամիս առաջ հանդիպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի հետ.

«Գիտեք, որ Հայաստանում գործում են կիոկուշին կարատեի մի քանի ֆեդերացիաներ և կա ասոցիացիա: Համաձայնության էինք եկել համախմբվելու մեկ գաղափարի շուրջ, առաջնություն անցկացնելու, բայց եղավ նախարարի փոփոխություն: Հիմա հույս ունենք՝ կհանդիպենք նոր նախարարի հետ ու վստահ եմ՝ կգանք ընդհանուր հայտարարի: Մեր ցանկությունն այն է, որ ավելի մեծ թիմով հանդես գանք միջազգային մրցաշարերում: 

Share |

Լրահոս