NBA. Դալասն ընդհատեց անհաջող խաղերի շարքը, Ատլանտան հերթական պարտությունը կրեց (տեսանյութ)

15:09 07.11.2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 4 հանդիպում:

«Շարլոտ Հորնետսը» սեփական հարկի տակ 113:102 (23:25, 28:29, 30:23, 32:25) հաշվով հաղթեց «Ատլանտա Հուկսին»: Հյուրերի համար այս պարտությունը 5-րդն էր վերջին 6 խաղում:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Հորնետսից» Կեմբա Ուոկերն էր, ով վաստակեց 29 միավոր և կատարեց 7 փոխանցում:

Մարվին Ուիլյամսի ակտիվում գրանցվեց 20 միավոր, 13-ական միավոր վաստակեցին Ջերեմի Լեմբը և Մալիկ Մոնկը: «Ատլանտայի» կազմում ամենաարդյունավետ Ջերեմի Լինն էր, ով վաստակեց 19 միավոր:

«Դալասը Մավերիկսը» սեփական հարկի տակ 119:110 (35:24, 35:25, 17:29, 32:22) հաշվով առավելության հասավ «Վաշինգտոն Ուիզարդսի» նկատմամբ՝ ընդհատելով 6 խաղից բաղկացած պարտությունների շարքը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Վաշինգտոնից» Ջոն Ուոլն էր, ով վաստակեց 24 միավոր և կատարեց 10 փոխանցում: «Դալասի» կազմում 23 միավոր վաստակեց Լուկա Դոնչիչը, 22 միավոր գրանցվեց Ուեսլի Մետյուզի ակտիվում, իսկ դաբլ-դաբլով (19+13) աչքի ընկավ Հարիսոն Բարնսը:

«Բրուկլին Նետսն» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Ֆինիկս Սանզի» նկատմամբ: Վերջինս զիջեց 84:104 (22:24, 20:28, 24:24, 16:28) հաշվով: «Սանզի» համար այս պարտությունը 8-րդն է ընթացիկ խաղարկությունում անցկացրած 10 խաղում:

Օրվա վերջին խաղում «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերսը» հյուրընկալեց «Միլուոկի Բակսին» և հաղթեց 118:113 (33:31, 24:20, 34:26, 27:26) հաշվով: «Միլուոկիի» համար այս պարտությունը երրորդն է ընթացիկ մրցաշրջանում:

Հանդիպման գլխավոր հերոսը «Պորտլենդի» պաշտպան Սի Ջեյ Մակոլումն էր, ով վաստակեց 40 միավոր: «Միլուոկիի» կազմում ամենաարդյունավեը Յանիս Ադետոկունբոն էր՝ 23 միավոր:

Այս հաղթանակից հետո «Պորտլնեդը» երրորդն է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Միլուոկին» Արևելքում զբաղեցնում է երկրորդ տեղը:

NBA-ի պաշտոնական կայքը հրապարակել է խաղային օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Share |

Լրահոս