Հատուկ կարգավիճակ, անձնական ինքնաթիռ. Մբապեի պահանջները ՊՍԺ-ին

17:52 07.11.2018

Հայտնի են դարձել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Մոնակոյից» «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ:

Football Leaks-ը հաղորդում է, որ 2017 թվականի ամռանը Մբապեն «Մոնակոյի» ղեկավարությունից պահանջել է այնքան աշխատավարձ, որքան ստանում է Ռադամել Ֆալկաոն՝ տարեկան 8 միլիոն եվրո:

«Մոնակոն» չի կատարել Մբապեի պահանջը, փոխարենը հուլիսի 20-ի դրությամբ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հետ: Մբապեի տրանսֆերի համար «Ռեալը» պատրաստ է եղել վճարել 180 միլիոն եվրո՝ ներառյալ 30 միլիոն եվրո բոնուս: Իսպանիայի հարկերը հաշվարկելով՝ գումարը կազմել է 214 միլիոն եվրո, քանի որ «Ռեալն» իր վրա է վերցրել այդ վճարումները:

Սակայն տրանսֆերային պատուհանի փակվելուց 10 ժամ առաջ Կիլիանը որոշում է կայացրել տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»: Տեղափոխությունն արժեցել է 145 միլիոն եվրո, ևս 35 միլիոն եվրո նախատեսված է եղել բոնուսների տեսքով:

Նախքան պայմանագիր ստորագրելը Մբապեն մի շարք ուշագրավ պահանջներ է առաջ քաշել: Ֆուտբոլիստը 5 տարվա համար պահանջել է 55 միլիոն եվրո: Ֆրանսիացին նաև պայման է դրել, որ «Ոսկե գնդակ» ստանալու դեպքում դառնալու է փարիզյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Անձնական իքնաթիռ. սա եղել է Կիլիանի հերթական պահանջը, սակայն ՊՍԺ-ի ներկայացուցիչներ այլ տարբերակ են առաջարկել՝ ամսական 30 հազար եվրո հավելյալ գումար փոխադրամիջոց վարձելու համար և 3 օգնական:

Ուշագրավ է նաև այն, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերից եկամուտ է ստացել գործակալ Ժորժե Մենդեշը, ով չի ներկայացնում Կիլիանի շահերը: Մենդեշը խորհրդատվություն է տվել Մբապեի ընտանիքին, ինչի համար 9 միլիոն եվրո է ստացել:

Football Leaks-ը նաև գրում է, որ ՊՍԺ-ն տրանսֆերային գումարից 124 միլիոն եվրոն փոխանցել է ոչ թե «Մոնակոյի» հաշվին, այլ ակումբի սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլևի:

Share |

Լրահոս