Տարբեր կարգավիճակներ, տարբեր խնդիրներ․ ՉԼ-ի օրվա անոնսը

12:42 07.11.2018

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղային առաջին օրը լի էր հետաքրքիր իրադարձություններով։ Այսօրվա հանդիպումները խոստանում են չզիջել։

Armsport.am-ը ներկայացնում է E, F, G, H խմբերի խաղերի անոնսը։

E խումբ

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

1․ «Այաքս» - 7 միավոր
2․ «Բավարիա» - 7
3․ «Բենֆիկա» - 3
4․ ԱԷԿ - 0

Երևանի ժամանակով կեսգիշերին մեկնարկելու են «Բենֆիկա»-«Այաքս» և «Բավարիա»-ԱԷԿ հանդիպումները։

Երրորդ տուրում «Բենֆիկան» ցավալի պարտություն կրեց «Այաքսից»՝ գոլ բաց թողնելով 90+2-րդ րոպեին։ Դրանից հետո Ռուի Վիտորիայի թիմը երկու պարտություն կրեց Պորտուգալիայի առաջնությունում՝ զիջելով «Բելենենսիշին» (0:

2) և «Մորեյրենսեին» (1:3): Այսօր «Բենֆիկան» փորձելու է ընդհատել անհաջող հանդիպումների շարքը և սեփական հարկի տակ առաջ նետվելուց բացի այլ տարբերակ չունի։

«Այաքսն» արդեն 9 խաղ (բոլոր մրցաշարերում) պարտություն չի կրել և «Բավարիայի» հետ կիսում է խմբի առաջատարի կարգավիճակը․ թիմերն ունեն 7-ական միավոր և խփած ու բաց թողած գնդակների նույնակի տարբերություն՝ +4։ «Բենֆիկան» պատրաստ է պայքարի, սակայն մյուխենյան թիմի հետ հավասար պայքար մղող ամստերդամցիներն էլ պատրաստ են ևս մեկ քայլով մոտենալ 1/8 եզրափակչի ուղեգրին։

Մրցաշրջանի մեկնարկը չափազանց անհաջող էր «Բավարիայի» համար, սակայն Նիկո Կովաչի թիմը վերջին շրջանում փոքր-ինչ ուղղել է սխալները։ ԱԷԿ-ի հետ նախորդ խաղում մյունխենցիները հանգիստ հաղթանակ տոնեցին՝ 2։0 և, դժվար թե, առանձնակի դժվարությունների հանդիպեն այսօրվա խաղում, հատկապես եթե հաշվի առնենք, որ խմբային փուլի 3 խաղում հունական թիմը 3 պարտություն է կրել՝ բաց թողնելով 8 գոլ։

F խումբ

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

1․ «Մանչեսթեր Սիթի» - 6 միավոր
2․ «Լիոն» - 5
3․ «Շախտյոր» - 2
4․ «Հոֆենհայմ» - 2

Այսօր կայանալու են «Լիոն»-«Հոֆենհայմ», «Մանչեսթեր Սիթի»-«Շախտյոր» հանդիպումները, որոնց մեկնարկը նախանշված է կեսգիշերին։

Խմբի հետնապահի կարգավիճակը չի նշանակում, որ «Հոֆենհայմն» անհույս է եվրագավաթային այս մրցաշրջանում, սակայն «Լիոնի» հետ արտագնա խաղն իսկական փորձություն կլինի Յուլիան Նագելսմանի թիմի համար։ «Լիոնը» բավականին լավ մարզավիճակում է և վերջին 10 խաղում միայն 1 պարտություն է կրել («Պարի Սեն Ժերմենից»՝ 0։5)։

Այսօր դաշտի տիրոջ կարգավիճակում «Լիոնը» կունենա զգալի առավելություն, իսկ հյուրերին անհրաժեշտ է համբերատար լինել և սպասել սխալների՝ հատկապես երկրորդ կեսում։ Բանն այն է, որ «Լիոնը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում 6 գոլ է բաց թողել, դրանցից 4-ը՝ երկրորդ խաղակեսերում։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Սաութհեմփթոնին» 6։1 հաշվով հաղթելուց և միանձնյա առաջատար դառնալուց հետո «Մանչեսթեր Սիթին» բարձր տրամադրությամբ պատրաստվել է «Շախտյորի» հետ տնային հանդիպմանը։ «Քաղաքայիններն» անցյալում բարդ հանդիպումներ են ունեցել «հանքափորների» հետ, սակայն փոքր-ինչ անհավատալի է թվում, որ այսօրվա խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը միավորների կորուստ թույլ կտա։

G խումբ

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

1․ «Ռոմա» - 6 միավոր
2․ «Ռեալ» - 6
3․ ԲԿՄԱ - 4
4․ «Վիկտորիա» - 1

Երևանի ժամանակով 21։55-ին կմեկնարկի ԲԿՄԱ-«Ռոմա» հանդիպումը, իսկ կեսգիշերին Պլզենում խաղադաշտ դուրս կգան «Ռեալը» և «Վիկտորիան»։

Պլզենում կայանալիք հանդիպումը «Ռեալի» համար մեծ նշանակություն ունի։ Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկությունների գավաթակիրը հաղթանակի դեպքում կմոտենա 22-րդ անգամ անընդմեջ խմբային փուլի արգելքը հաղթահարելուն։ Այժմ «սերուցքայիններն» անցումային փուլում են, իսկ թիմի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Սանտիագո Սոլարին, ում գլխավորությամբ մադրիդյան թիմը հաղթել է Իսպանիայի Գավաթի խաղարկությունում և առաջնությունում։

Սոլարիին գլխավոր մարզչի պաշտոնում տեսնելը շատերի համար դրական նշան է, քանի որ նա Զինեդին Զիդանի նման նա ևս «Ռեալի» ոսկե թիմի անդամ է և 2002 թվականին նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

ԲԿՄԱ-ի` Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը դեռևս ոչ միանշանակ ընթացք ունի՝ ոչ-ոքի «Վիկտորիայի» հետ, հաղթանակ «Ռեալի» նկատմամբ և պարտություն «Ռոմայից»։ Մոսկովյան թիմի նկատմամբ հաղթանակը «գայլերին» զգալիորեն կմոտեցնի 1/8 եզրափակչի ուղեգիր ստանալուն։ Իր հերթին ԲԿՄԱ-ն հրաշքների և մաթեմատիկական տարատեսակ հաշվարկների հույսին չմնալու համար պետք է փորձի ռևանշի հասնել Հռոմում կրած պարտության համար, ինչը հեշտ առաջադրանք չես անվանի։

H խումբ

Մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

1․ «Յուվենտուս» - 9 միավոր
2․ «Մանչեսթեր Յունայթեդ» - 4
3․ «Վալենսիա» - 2
4․ «Յանգ Բոյզ» - 1

«Վալենսիա»-«Յանգ Բոյզ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։55-ին, իսկ «Յուվենտուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղը՝ ուղիղ կեսգիշերին։

«Չղջիկներն» անհաջող անցկացրին խմբային փուլի առաջին հատվածը և այժմ ընդամենը 2 միավոր ունեն։ 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները մեծ չեն, բայց կան։ Դրա համար «Վալենսիան» նախ պետք է տնային խաղում հաղթի «Յանգ Բոյզին», սակայն այդ գործում Մարսելինոյի թիմին կարող են խանգարել կորուստները։ Հանդիպումը բաց են թողնելու պաշտպան Կրիստիանո Պիչինին, կիսապաշտպան Դանիել Պարեխոն և հարձակվող Դենիս Չերիշևը։

«Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանում դեռևս հիանալի է հանդես գալիս ինչպես Իտալիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում։ Մրցաշրջանի 14 խաղերից 13-ում Մասիմիլիանո Ալեգրիի սաները հաղթանակ են տոնել և միավորներ են կորցրել միայն «Ջենոայի» հետ խաղում (1:1): Ընդ որում, այդ խաղերի ուղիղ կեսում թուրինցիները գոլ բաց չեն թողել։ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթանակը «Յուվենտուսին» 1/8 եզրափակչի ուղեգիր կպարգևի։

Եթե Ալեգրիի թիմը մեկ ոտքով փլեյ-օֆֆում է, ապա «կարմիր սատանաները» դեռ բավականաչափ անելիքներ ունեն։

Ժոզե Մոուրինյուի թիմն առաջին տուրում «Յանգ Բոյզին» հաղթելուց հետո չկարողացավ գոլեր խփել «Վալենսիայի» (0:0) և «Յուվենտուսի» (0:1) հետ խաղերում։ «Մանչեսթեր Յունայթեդի» համար «Յուվենտուսից» երկրորդ պարտությունը կարող է երկրորդ հորիզոնականի գին ունենալ: Միևնույն ժամանակ ՄՅՈւ-ի պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան, և դրանք կզգացվեն նաև Թուրինում։ Վերջին 9 խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» միայն 1 անգամ է կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։

Share |

Լրահոս