Մոուրինյու. Հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով

11:31 08.11.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում 2:1 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Հիանալի հանդիպում էր: Մենք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցինք: Բաց թողած գոլից հետո 5 րոպե ունեինք ուշքի գալու համար, բայց թիմս պայքարեց մինչև վերջ:

Գիտեմ, որ միլիոնավոր մարդիկ ուրախացել են այս հաղթանակի կապակցությամբ, բայց ես հարգում եմ «Յուվենտուսը»: Միևնույն ժամանակ հպարտանում եմ իմ տղաներով, ովքեր հաղթանակի համար արեցին հնարավոր ամեն բան: 

«Յուվենտուսը» բացառիկ ֆուտբոլիստներ ունի: Ռոնալդուի գոլը, ինչպես նաև Բոնուչիի փոխանցումն արտակարգ էին: Սա ֆանտաստիկ թիմ է, որը հրաշալի է խաղում սեփական հարկի տակ:

Եթե ես ճիշտ հաշվարկներ եմ կատարել՝ սեփական հարկի տակ «Յանգ Բոյզին» հաղթելու դեպքում դուրս կգանք 1/8 եզրափակիչ: Այնպես որ՝ կարծում եմ, որ հիմա պետք է գործի անցնեն «Օլդ Թրաֆֆորդի» երկրպագուները»,- ասել է պորտուգալացի մասնագետը BT Sport-ի եթերում:

Հավելենք, որ չորրորդ տուրից հետո H խմբում «Յուվենտուսը» 9 միավորով առաջատար է: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 7 միավոր, «Վալենսիան» 5 միավորով երրորդն է, իսկ «Յանգ Բոյզը» վաստակել է 1 միավոր:

Share |

Լրահոս