Ռոնալդու. Մենք ինքներս նվեր մատուցեցինք Մանչեսթեր Յունայթեդին

17:47 08.11.2018

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից (1:2) հետո կիսվել է տպավորություններով.

«Չեմպիոնների լիգան յուրահատուկ մրցաշար է, որում ոչ մի դեպքում չի կարելի կորցնել զգոնությունը` անգամ եթե հաշվի մեջ առջևում ես: «Յուվենտուսն» ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ուներ և ավելի շատ գոլային պահեր ստեղծեց:

Մենք 3-4 իրական հնարավորություն ունեինք խաղում վերջակետ դնելու համար, բայց դրա փոխարեն կորցրինք զգոնությունը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթելու համար ոչինչ չարեց: Այս դեպքում անգամ հաջողության մասին հնարավոր չէ խոսել: Մենք ինքներս նվեր մատուցեցինք մրցակցին:

Չնայած այս խաղի արդյունքին` չպետք է կախենք գլուխներս: Մենք իսկապես լավ խաղացինք և շարունակում ենք գլխավորել մեր խմբի մրցաշարային աղյուսակը:

Ի՞մ գոլը: Հանդերձարանում դիտեցի տեսագրությունը, բայց խփելու պահին ևս զգացի, որ այն ֆանտաստիկ էր: Ուրախ եմ գոլիս կապակցությամբ, բայց տխուր եմ, որ չհաղթեցինք:

Դեռ վաղ է խոսել Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին: Մենք առաջատար ենք, հիանալի թիմ ունենք, սակայն մինչև եզրափակիչ շատ երկար ճանապարհ կա: Ակումբում բոլորը երազում են այս տիտղոսը նվաճելու մասին, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:

Հավելենք, որ այժմ «Յուվենտուսը» 9 միավորով առաջատար է H խմբում: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 7 միավոր, «Վալենսիան»` 5, իսկ «Յանգ Բոյզը»` 1:

Share |

Լրահոս