Ծանրամարտի ԱԱ. Հայաստանը մեդալային հաշվարկում

20:15 10.11.2018

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանիշային ստուգատեսում Հայաստանը ներկայացնում էր 8 ծանրորդ: Կանանց հավաքականի կազմում էին Իզաբելլա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (71 կգ), Տաթև Հակոբյանը (81 կգ) և Արփինե Դալալյանը (87 կգ), իսկ տղամարդկանց հավաքականում՝ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Գոռ Մինասյանը (109+):

Հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճեցին ու ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրին 8-րդ հորիզոնականը: 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է 1 փոքր ոսկե, 1 փոքր արծաթե մեդալ և երկամարտի արդյունքով դարձել է աշխարհի չեմպիոն:

109+ կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը նվաճել է 3 արծաթե մեդալ (երկուսը՝ պոկում և հրում վարժություններում, մեկը՝ երկամարտում): Եվս մեկ փոքր արծաթե մեդալ է նվաճել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը:

Անդրանիկ Կարապետյանը և Տաթև Հակոբյանը, պոկում վարժությունում 0 ստանալով, հրաժարվել են պայքարից: Իզաբելլա Յայլյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, Լիանա Գյուրջյանը՝ 11-րդ, իսկ Արփինե Դալալյանը C խմբում զբաղեցրել է երրորդ տեղը:

Հավելենք, որ մեդալային հաշվարկում առաջատարը Չինաստանի ընտրանին է՝ 53 մեդալ (20 ոսկե, 23 արծաթե և 10 բրոնզե): Երկրորդ հորիզոնականում 17 մեդալով Թաիլանդի հավաքականն է (9 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հյուսիսային Կորեան` 12 մեդալ (5 ոսկե, 4 արծաթե, 3 բրոնզե):

Share |

Լրահոս