Փաշիկ Ալավերդյան. Մարզիկը ոչ միայն մկաններով, այլև ուղեղով է պատրաստվում չեմպիոնության

15:37 14.11.2018

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ զրույցում ամփոփեց Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում հայ ծանրորդների ելույթները։

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ ի սկզբանե հույսեր չեն կապել կանանց հավաքականի անդամների հետ.

«Նախ շնորհավորում եմ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին, ծանրամարտի Ֆեդերացիային, մեր ժողովրդին: 

Այս աշխարհի առաջնության դժվարությունների մասին՝ երբ թիմը կազմավորվում էր, մենք գիտեինք, որ աղջիկների հարցում խնդիր ունենք: Գիտեինք, որ չէին կարող մրցանակներ ունենալ: Մենք պարզապես թիմ ձևավորեցինք, որպեսզի գոնե կարողանայինք օլիմպիական միավորներ վաստակել»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հավաքականի մարզիչն ընդգծեց, որ տարվա կտրվածքով գոհ է հայ ծանրորդների ելույթներից.

«Տեսաք՝ դոպինգների հետ կապված խնդիրների պատճառով մենք բաց թողեցինք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Սակայն արդեն հինգ տարի է՝ մենք այլևս ոչ մի խնդիր չունենք: Միակ խնդիրը Սոնա Պողոսյանն է, բայց նրա մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Ընդհանուր առմամբ, այս տարի մենք ունեցանք 73 մեդալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններից:

Ինձ թվում է՝ եթե սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այս տարվա բոլոր մեդալները հաշվեն, ապա 50-60 տոկոսը մենք ենք բերել»:

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մեծ հույսեր է կապել 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանի հետ, ով նվաճել է փոքր արծաթե մեդալ.

«Հակոբ Մկրտչյանը կարող էր չեմպիոն դառնալ: Մենք այնպիսի տակտիկա էինք մշակել, որ նա անպայման պետք է դառնար չեմպիոն: Պատահականություն էր, որ նրա մոտ դա չստացվեց: Մարզիկը միայն մկաններով չէ, որ պատրաստվում է չեմպիոնության, նա նաև ուղեղով են պատրաստվում: Առաջին հերթին մարզիկը պետք է հավատա ինքն իրեն, ապա մտածի մկանների մասին»,- նշեց մարզիչը:

Հիշեցնենք, որ Աշխաբադում հայ ծանրորդները 2 ոսկե և 5 արծաթե մեդալ են նվաճել՝ մեդալային հաշվարկում զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...