Armenia TV-ն բացառիկ իրավունքով գնել է ԵՎՐՈ-2020-ի ցուցադրման հնարավորությունը` հեռուստաընկերության բաժնետեր և կրեատիվ զարգացման պատասխանատու Ռոբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Եվրոպայի 12 քաղաքներում անցկացվելու է ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլը: Հայաստանը նույնպես անմասն չի մնալու ֆուտբոլային տոնից:
Armenia TV-ն բացառիկ իրավունքով գնել է ԵՎՐՈ-2020-ի ցուցադրման հնարավորությունը: Բոլոր 51 հանդիպումները կլինեն ուղիղ եթերում: Խմբային փուլի երրորդ տուրի մեկ խմբի հանդիպումները մեկնարկում են նույն ժամին: Այս դեպքում հանդիպումներից մեկը կլինի Armenia TV-ի եթերում, իսկ մյուսը` Armenian Premium-ի:
«Թող ներեն տնային տնտեսուհիները, սակայն 2020 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը Armenia TV-ի եթերում ամեն ինչ ֆուտբոլային է լինելու` սկսած բոլոր ծրագրերի ժամանակ էկրանի ձևավորումից, մինչև հաղորդումների ցուցադրություն»,- մեզ հետ զրույցում ասաց Armenia TV-ի մարզական բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանը:
Բացման հանդիպումից և եզրափակչից առաջ եթերում մեծ թոք շոու է լինելու, որտեղ ներկա են գտնվելու մի շարք հյուրեր և ֆուտբոլային մեկնաբաններ: Հունվարից մինչև մրցաշարի մեկնարկը Armenia TVի եթերում կլինի մրցաշարի մասնակիցների և քաղաքների մասին պատմող 12 օրագիր: ԵՎՐՈ-2020-ի ընթացքում էլ փրայմ թայմում կցուցադրվեն նախորդ խաղային օրվա հանդիպումների 22 տեսություն:
ԵՎՐՈ-2020-ի հանդիպումներից առաջ էլ խաղի մեկնաբանը որևէ հյուրի հետ եթերում կխոսի հանդիպման մասին, ինչպես այժմ լինում է ըտրական խաղերի կամ Ազգերի լիգայի հանդիպումներից առաջ:
«Դեռևս մեկ տարի կա մինչև առաջնության մեկնարկը: Թե ինչ կլինի մեկ տարի անց, դժվար է ասել: Սակայն այժմ հստակ է, որ հանդիպումները մեկնաբանելու են Armenia TV-ի չորս մեկնաբանները»,- ասաց Քալանթարյանը:
Հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունը, իսկապես, տարբերվելու է մյուսներից: 12 քաղաք, 12 մարզադաշտ, 11 երկիր… Եվրոպայի թվով 16-րդ առաջնությունը խոստանում է գերել ամբողջ Եվրոպան: Ընդունող քաղաքներից մեկն էլ կլինի Բաքուն.
«Բաքու չենք մեկնելու, սակայն որևէ խնդիր Բաքվում տեղի ունեցող հանդիպումների հետ կապված, կարծում եմ, չի լինի»,- ասաց Քալանթարյանը`նշելով, որ նրանց հեռարձակմանն ազդանշանը տալիս է ՈւԵՖԱ-ն:
Եզրափակիչ փուլի բացման հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական»մարզադաշտում: Եզրափակիչը` «Ուեմբլիում»:
Հայաստանի ազգային հավաքականը նույնպես մասնակցում է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլին: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու դեպքում տրամադրությունն էլ ավելի ֆուտբոլային է լինելու. դրանում համոզված է Քալանթարյանը: Եթե որակավորվենք ԵՎՐՈ-2020-ին, ապա մեր հավաքականի ոչ մի քայլ չի վրիպի ուշադրությունից:
Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբում 6 միավորով 3-րդ տեղում է: Սեպտեմբերի 5-ին մեր ընտրանին Երևանում մրցելու է Իտալիայի հավաքականի հետ: Մեր խմբում ընդգրկված են նաև Ֆինլանդիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները:
Եվրոպայի գործող չեմպիոնը Պորտուգալիայի ազգային հավաքականն է, որը 2016 թվականի եզրափակչում հաղթել է Ֆրանսիային: