Չհաղթեցինք. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց Ազգերի լիգայի խաղարկությունը (տեսանյութ)

01:36 20.11.2018

Ազգերի լիգայի խաղարկության D լիգայի 4-րդ խմբում կայացավ վերջին՝ 6-րդ տուրը:

Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լիխտենշտեյնի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Խաղի մեկնարկից 9 րոպե անց Գագիկ Դաղբաշյանի լավ փոխանցումից հետո Սարգիս Ադամյանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին տանտերերը գեղեցիկ գոլով հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Բուխելը:

Երկրորդ կեսի մեկնարկից 2 րոպե անց Վարազդատ Հարոյանի կոպտագույն սխալից հետո Հասլերը մեն-մենակ մնաց Հենրի Ավագյանի դեմ և կարողացավ գնդակն ուղարկել դարպասը՝ 2:1:

Մեր ֆուտբոլիստները հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ կարողացան խուսափել պարտությունից. Ղազարյանի փոխանցումից հետո գլխի հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ փոխարինման նտած Ալեքսանդր Կարապետյանը:

Նշենք, որ Հենրի Ավագյանից բացի, ազգային թիմում նորամուտը նշեց նաև Ալիկ Առաքելյանը՝ փոխարինման մտնելով խաղավերջում:

Այս ոչ-ոքիից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է խմբում 2-րդ հորիզոնականը: Զուգահեռաբար ընթացած խաղում Մակեդոնիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ջիբրալթարի դարպասը և 15 միավորով գլխավորել խումբը՝ դուրս գալով փլեյ-օֆֆ: 

Հայաստանի ընտրանու համար Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունն ավարտված է:

 

Share |

Լրահոս