Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսին» ընդունել էր «Այաքսին»։
Հանդիպումը ուղղակի ֆանտաստիկ ստացվեց։ Առաջին կեսից հետո հյուրերը հաղթում էին մրցակցին 3-1 հաշվով։
Երկրորդ կեսում «Այաքսը» ևս մեկ գնդակ խփեց՝ հանդիպման հաշիվը դարձնելով 4-1։ Թվում էր՝ ամեն ինչ կորած է «Չելսիի» համար։ Հենց այստեղ էլ սկսվեց իսկական շոուն։
Նախ 63-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան հանդիպման հաշիվը դարձրեց 2-4։ 68-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը։ Մեկ րոպե անց Ջանլուկա Ռոկին հեռացրեց նաև Ջոել Վելտմանին ու Ամստերդամից ժամանած հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց։ Այն անվրեպ իրացրեց Ժորժինյոն։ 74-րդ րոպեին Ջեյմսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ֆանտաստիկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով։
Խմբի մյուս խաղում «Վալենսիան» 4-1 հաշվով հաղթեց «Լիլին»։ Այս արդյունքներից հետո H խմբում «Չելսին», «Այաքսը» և «Վալենսիան» ունեն 7-ական միավոր։ «Լիլը» 1 միավոր ունի։
Խաղային օրվա մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։