Արթուր Ոսկանյան. Այսօր կարող է պարտվես, բայց եթե չես վախենում, վաղը կսկսես հաղթել

18:38 30.11.2018

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հյուրընկալվել է Armsport.am-ին, ամփոփել վերջերս Երևանում կայացած ընկերական մրցաշարը, խոսել առկա խնդիրների, ծրագրերի և այլ հարցերի մասին.

«Ինչպես գիտեք` մինչ այս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը գլխավորում էին արգենտինացի մասնագետները ու այս տարվա մեջ արդեն 14 խաղ անցկացրել էին:

Հիմնականում մրցել էին միջինից ցածր հավաքականների հետ ու դարձյալ արդյունքները շատ վատ էին եղել: Խոշոր հաշվով պարտվել ենք անգամ Մոլդովայի հավաքականին:

Մի խոսքով, երբ գլխավորեցի մինչև 19 տարեկանների հավաքականը հասկանում էի, որ շատ դժվար է լինելու: Հատկապես, հենց սկզբից պետք է մրցեինք Ֆրանսիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի և Գերմանիայի հավաքականների հետ, որոնք այդ տարիքայինում գերհզոր են: Սա լավ հասկանում էինք, բայց պետք է փորձեինք:

Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլն, ինչպես գիտեք, Հայաստանում է անցկացվելու, ու ավելի լավ է շուտ սկսենք գերհզոր հավաքականների հետ խաղալ, որպեսզի պատկերացնենք, թե տղաների համար որքան դժվար է լինելու: Հասկացանք, որ մենք շատ հետ ենք, պետք է շատ աշխատենք: Մեր ֆուտբոլիստները պետք է մեծ քանակությամբ միջազգային հանդիպումներ անցկացնեն ուժեղ հավաքականների հետ: Բայց այս ամենի հետ մեկտեղ ամենակարևորն այն է, որ այս ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց ակումբներում, և ոչ Առաջին խմբում: Երկու տարի առաջ էլ էի ես այս խնդրի մասին բարձրաձայնում: Ասում էի, որ օրերից մի օր ազգային հավաքականն է խնդրի առաջ կանգնելու, քանի որ Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստները չէին խաղում Բարձրագույն խմբում: Սա ամենավատն է»,- ասաց Ոսկանյանը:

- Ի սկզբանե ենթադրելի էր, որ այդպիսի ուժեղ հավաքականների հետ խաղերում, ինչպիսիք էին Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի Մ19 ընտրանիները, մենք մեծ շանսեր չենք ունենալու: Որքանո՞վ էր դժվար մոտիվացնել թիմին այդ խաղերից առաջ:

- Ես ինքս միշտ չեմ սիրել պարտվել, ու ֆուտբոլիստների մեջ էլ եմ նույնը սերմանել, բայց չպետք է վախենալ: Այսինքն, փորձես խաղալ, դաշտում նվիրվել 100 և ավելի տոկոսով: Իմ կարծիքով մեր 19 տարեկաններն իրենց ուժերի առավելագույն չափով խաղացին: Այո, սխալներ եղան, բայց դա նորմալ է, քանի որ այդ արագության տակ և այդպիսի հավաքակականների հետ խաղերում ցանկացած նրանց սխալի դեպքում մրցակիցը կարող էր պատժել: Տղաներին հորդորում էինք խաղալ մինչև վերջ՝ անկախ հաշվից, ու չվախենալ, անհրաժեշտության դեպքում խաբել, բայց լինել վստահ: Այսօր կարող է պարտվես, բայց եթե չես վախենում, վաղը կարող ես սովորել այդ սխալների վրա և կսկսես հաղթել:

- Հասկանալի է, որ խաղում էինք հզոր հավաքականների հետ, որոնց ֆուտբոլիստները հանդես են գալիս եվրոպական ուժեղագույն ակումբներում, բայց եթե մեր խնդիրները չկապենք մրցակիցների ուժեղ լինելու հետ, որո՞նք կլինեն մեր անհաջողության հիմքային պատճառները:

- Առաջնային պատճառներից մեկն այն է, որ մեր ֆուտբոլիստներն իրենց ակումբներում խաղաժամանակ չեն ստանում: Կարծում եմ՝ Հայաստանում պետք է անպայման լեգիոներների սահմանափակում լինի: Վերջին 10-15 տարում մեր ազգային հավաքականին ֆուտբոլիստ մատակարարել է միայն «Փյունիկը», քանի որ 2000-ականներից սկսած այդ ակումբը 17-19 տարեկան ֆուտբոլիստներին արդեն Բարձրագույն խմբում խաղալու հնարավորություն է տվել: Օրինակները շատ են՝ Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Արզումանյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Վարազդատ Հարոյան... այս խաղացողները 17-18 տարեկանից և ավելի վաղ տարիքից էլ սկսել են խաղալ Բարձրագույն խմբում, ու արդյունքը եղավ այն, որ մեր հավաքականը որոշ ժամանակ լավ ելույթներ ունեցավ: Բայց հետո այդ գործընթացը կանգնեց, հիմա նույն խնդիրն արդեն առկա է նաև «Փյունիկում»՝ լեգիոներներ, տարիքով մեծ ֆուտբոլիստներ ու ավելի քիչ են խաղում երիտասարդները: Վերջերս Արմեն Գյուլբուդաղյանցի հետ Հայաստանի առաջնության երկու խաղ նայեցինք մեկ օրում. 4 թիմում հավաքականի ընդամենը 2-3 թեկնածու կար դաշտում: Սա արդեն խնդիր է:

Ցանկացած պահի ակումբները կարող են ոչինչ չունենալ: Լեգիոներների պայմանագիրն ավարտվում է, նրանք գնում են, իսկ ակումբի ղեկավարները, որ տարիներ շարունակ մեծ գումարներ են ծախսել նրանց վրա, կանգնում են փաստի առաջ: Իսկ եթե ունենան սեփական ֆուտբոլիստները, ցանկացած դժվար պահի կարող են իրենց խաղացողին ուղարկել մեկ այլ թիմ գումարի դիմաց, կամ ծայրահեղ դեպքում երիտասարդ ֆուտբոլիստները կխաղան առաջնությունում, մեծ գումարներ չեն ծախսի: Լեգիոներ կա՝ մեկ տարի մնում է թիմում ու ընդամենը երկու խաղի է մասնակցում: Չէ՞ որ կարելի էր երիտասարդ խաղացողի հնարավորություն տալ թիմի հետ մարզվելու ու խաղալու: Լեգիոներներից շատերը Հայաստանից հեռանալուց հետո երկար ժամանակ նույնիսկ իրենց երկրում չեն կարողանում թիմ գտնել` երկրրոդ, երրորդ դիվիզիոնում: Իսկ Հայաստանում մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան հայ խաղացողները:

Օրինակ բերեմ «Գանձասար-Կապանի» հետ կապված: Նրանց լեգիոներներից մեկին, ինչպես հիշում եք, ալկոհոլ օգտագործելու պատճառով հեռացրին թիմից, նրա փոխարեն եկան հայ երիտասարդները: Համոզված եմ` եթե առաջնության սկզբում նման միջադեպ տեղի ունենար, դարձյալ լեգիոներներ կհրավիրեին, բայց քանի որ առաջնության կեսից հեռացան, ստիպված հայ երիտասարդներին հնարավորություն տվեցին ու տեսնում ենք արդյունքը. պատրաստի ֆուտբոլիստներ են, խաղում են:

Հայաստանում կա՞ն այսօր լեգիոներներ, որոնց հետ մենք կարող ենք մտածել եվրագավաթների խմբային փուլեր դուրս գալու մասին: Իհարկե չկան:

- Արմեն Մելիքբեկյանը վերջերս հայտարարեց, որ եթե լեգիոներների սահմանափակում լինի, ապա դա, ըստ ամենայնի, մեկնարկային կազմի վրա հաստատ չի ազդի: Այդպիսի սահմանափակում, որը լինելու է հայտացուցակի վրա, մեզ որքանո՞վ է պետք:

- Չգիտեմ: Փոխարինողների մեջ կլինեն երիտասարդներ, բաց դա էլ շատ քիչ օգուտ կտա: Էլի խնդիրը չենք կարող լուծել: Կարծում եմ՝ թիմերին պետք է ժամանակ տալ: Ամռանը սահմանափակումը լինի 5+3, այսինքն 5 լեգիոներ լինի դաշտում, 3-ը՝ փոխարինողների կազմում: Մեկ տարի հետո լեգիոներների ընդհանուր թիվը կրճատել 5-ի: Բայց անպայման պետք է լինի: Համաձայն եմ, շատերը կասեն, որ առաջնութան որակը դրանով կըկնկի, բայց ավելի լավ է 2-3 տարի առաջնության որակն ընկնի, քան մենք չունենանք ֆուտբոլիստ տարբեր տարիքային և ազգային հավաքականի համար: Սա չեղավ երեկ, երեկ չէ առաջին օրը, սա 10 տարի առաջ է սկսվել, որ հիմա մենք Ազգային հավաքականում չունենք մրցակցություն: Այո, ունենք Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Գևորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան, բայց տարիների ընթացքում այս ֆուտբոլիստների կողքին չունեցանք երիտասարդներ, ովքեր կսովորեին նրանցից: Կարևոր է, որ երիտասարդ ֆուտբոլիստը դաշտում, մարզումների ընթացքում սովորի փորձառու խաղացողներից: Բացի այդ, ֆուտբոլիստը, հատկապես 16-17 տարեկանում, անընդհատ պետք է խաղա: Անգամ շատ մարզումներն այնքան օգուտ չեն տալիս, որքան խաղերը: 

Ուժեղ ֆուտբոլային երկրներում կա Մ19, Մ21, անգամ Մ23 տարեկանների առաջնություն, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստները չմնան առանց խաղային պրակտիկայի: Մենք հրավիրում ենք դարպասապահների, որոնք չունեն խաղային պրակտիկա: Այո, մարզվում են, բայց չեն խաղում, կարծես՝ բանակում լինեն: Դրանից օգուտ չկա: Պետք է խաղան, երբեմն էլ սխալներ թույլ տան ու դրանց վրա սովորեն: Իսկ մեր ֆուտբոլիստները մինչև 19 տարեկանների հավաքականում են այդ սխալները թույլ տալիս, մինչդեռ իրենց ակումբներում պետք է արդեն այդ փորձն ունենային ու սովորած լինեին:

- Իսկ արդյո՞ք ընկերական մրցաշարում մեր տնտրանու կազմը ամենաօպտիմալն էր, թե՞ կային ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին ընդգրկվել թիմում, բայց ինչ-ինչ պատճառներով չմիացան:

- Ընդհանուր առմամբ, այո, ամենաօպտիմալն էր: Ունեինք շատ լավ խաղացող Գերմանիայից, ով բացակայում էր՝ Գերման Կուրբաշյանը: Նրա ակումբն էր խնդրել այս անգամ չհրավիրել Գերմանին: Կարևոր խաղեր ունեին անցկացնելու, խնդրեցին այս անգամ զիջել, իսկ մենք էլ որոշեցինք հակասություններ չունենալ ակումբի հետ: Գերմանը հիանալի հարձակվող է ու մեզ շատ օգուտ է տալու հարձակման գծում:

Այս հավաքին միացավ նաև Երջանիկ Ղումբասարյանը Գերմանիայից, ով նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է ու կարծում եմ, որ դեռ շատ օգուտ կտա մեզ: Ամեն դեպքում, նա արդարացրեց մեր սպասելիքները:

- Հաջորդ տարին շատ հագեցած կլինի մինչև 19 տարեկանների հավաքականի համար: Նախքան Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ փուլը, որը կկայանա Հայաստանում, ի՞նչ աշխատանքներ պետք է տարվեն ավելի արժանապատիվ ելույթներ ունենալու ու քիչ թե շատ հաջողություններ գրանցելու համար:

- Ճիշտն ասած՝ զրուցել եմ ֆեդերացիայի ղեկավարների հետ ու տարբեր առաջարկներ եմ արել: Նախ, ցանկություն եմ հայտնել, որ մենք դեկտեմբերից կազմավորենք 19 տարեկանների հավաքականն ու խաղանք Բարձրագույն խմբի առաջնության յուրաքանչյուր տուրը բաց թողնող թիմի հետ արդեն հաջորդ տարվա մարտ ամսից: Յուրաքանչյուր տվյալ տուրին հանդիպում չունեցող թիմի հետ ոչ պաշտոնական կարգավիճակով հանդիպում կանցկացնենք: Վերջնական որոշումը դեռ չի կայացվել. կախված է իհարկե նաև ակումբների դիրքորոշումից: Եթե թիմերը համաձայնեն, շատ լավ կլինի: Ակումբների համար էլ դա պետք է որ ձեռնտու լինի:

Առաջարկել եմ նաև, որ ամեն ամիս ունենանք հավաքներ ու խաղանք ուժեղ հավաքականների հետ: Արդեն ցանկություն եմ հայտնել Իտալիայի Մ19 տարեկանների հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնել. նշեմ, որ Իտալիան էլ համաձայնել է: Մնում է հստակեցնենք ժամանակահատվածը: Ցանկանում եմ մասնակցենք մրցաշարերի ուժեղ թիմերի հետ:

Եթե ֆուտբոլիստներն իրենց թիմերում խաղաժամանակ չեն ստանում, գոնե գան հավաքական, շատ խաղեր անցկացնեն, սխալները թույլ տան ընկերական խաղերի ժամանակ, որպեսզի հասցնենք դրանք շտկել ու ԵԱ-ի եզրափակիչ փուլում արդեն թիմը պատրաստ լինի արժանի մրցակցություն ցույց տալ:

Դեկտեմբերին ֆեդերացիան կունենա նոր տեխնիկական տնօրեն, դեռ չի որոշվել, թե ով կլինի, բայց այս հարցը պետք է դնենք քննարկման ու հասկանանք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք:

- Մեր մրցակից հավաքականների խաղաոճում եղե՞լ են ինչ-որ առանձնահատկություններ, որոնք Ձեզ տպավորել են:

- Այժմ շատերն են սկսել խաղալ կարճ  և միջին փոխանցումներով: Դա արդեն նորմալ էր, գիտեինք: Միայն մեկ բան զարմացրեց. Հոլանդիայի հետ խաղից առաջ վերլուծություն էինք անում, նրանք ամեն խաղին անկյունայինի նոր խաղարկում են անում ու մենք արդեն խաղից առաջ գիտեինք 5-6 անկյունայինի խաղարկման ձև և պատրաստ էինք դրան: Բայց նրանք սկզբում երկու-երեք խաղարկում փորձարկեցին, տեսան, որ մենք պատրաստ ենք, ու սկսեցին անել իրենց 7-րդ, 8-րդ խաղարկումները, որոնց մասին մենք տեղյակ չէինք: Արդյունքում, երկու գոլ խփեցին հենց անկյունայինի խաղարկումից: Կարծում եմ՝ դա երկար ժամանակի ընթացքում մշակած խաղաոճ էր, թիմը տևական ժամանակ միասին է աշխատել: Հնարավոր չէ մեկ-երկու մարզման ընթացքում այդքան տարբեր խաղարկումներ մշակել:

- Ու հենց հոլանդացիների մարզիչն էլ հայտարարել էր, որ իրենք Հայաստանի Մ19 հավաքականի համար չեն ժամանել մեր երկիր: Նման հայտարարությունները հոգեբանորեն որևէ ազդեցություն թողնո՞ւմ էին մեր ընտրանու վրա:

- Փորձում էինք ուշադրություն չդարձնել: Տղաներին ասացի՝ կգա ժամանակն ու նման խոսքերի պատասխանը խաղադաշտում կտանք: Բայց պետք է ընդունել, որ այո, Հոլանդիայի Մ19 ընտրանին գերհզոր հավաքական է, նրանց ֆուտբոլիստները հիմնականում խաղում են ոչ միայն իրենց, այլև Եվրոպայի ուժեղագույն թիմերում: Արդյունքն էլ այն էր, որ հենց հոլանդացիները հաղթեցին այդ ընկերական մրցաշարում:

- Որո՞նք էին այն դրական կետերը, որ տվեց մեզ այս մրցաշարը:

- Օրինակ, եթե նայեք Պորտուգալիայի ընտրանու հետ խաղի վիճակագրությանը, կտեսնեք, որ այդ հարցում մենք գրեթե հավասար ենք, որոշ հարցերում էլ նույնիսկ գերազանցում ենք: Այդ խաղում մենք 11 հարված ենք կատարել դարպասին, իսկ Պորտուգալիան՝ 10: Հարցն այստեղ արդեն որակի մեջ է: Նրանք 10 հարվածից 5-ը վերածեցին գոլի, իսկ մենք 11 հարվածից միայն մեկ գոլ խփեցինք: Գնդակի վերահսկման ցուցանիշով ևս հավասար էինք: Գերմանիայի հետ խաղում ևս:

Հարձակման գծում ունեցանք արդեն ինչ-որ չափով թիմային խաղ, պաշտպանությունից դուրս գալու առումով ևս դրական տեղաշարժ կար, ինչը նման թիմերի հետ խաղերում դժվար է լինում: Ինչպես տեսաք, հասակի առումով շատ էինք զիջում բոլորին, ու փորձում էինք գնդակը ներքևից խաղարկել և այդ խաղերի ընթացքում գրեթե միշտ կարողացել ենք հաջողության հասնել այդ առումով: Տղաներին դա վստահություն տվեց. տեսան, որ կարող են նույնիսկ այդ ճնշման տակ կարճ փոխանցումներով դուրս գալ պաշտպանությունից: Բայց դա պետք է շատ փորձել: 

- Պարոն Ոսկանյան, վերջին տարիներին կարծիք կար, որ մինչև 19 և 21 տարեկանների հավաքականները պետք է խաղան ազգային հավաքականի փիլիսոփայությամբ, մարտավարությամբ: Արդյոք այդ գաղափարախոսությունը պահպանվո՞ւմ է:

- Վերջին շրջանում ազգային հավաքականում շատ հաճախ եղան մարզչական փոփոխություններ. 1-2 տարվա մեջ երևի 4-5 մարզիչ փոխվեց ու ամեն մարզչի հետ եթե փիլիսոփայություն փոխվի, պատկերացնու՞մ եք այդ տղաների գլխում ինչ կկատարվի: Կարծում եմ՝ ճիշտ կլինի մենք ընտրենք մեր փիլիսոփայությունը, հասկանանք՝ ինչ խաղաոճ ենք ընտրելու ու ինչի վրա ենք ուշադրություն դարձնելու: Կարծում եմ, որ մենք պետք է ընտրենք ներքևից արագ ու կարճ փոխանցումներով կոմբինացիոն ֆուտբոլը: 

Ամեն դեպքում, ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը պետք է ընտրի, թե հավաքականներն ինչ խաղաոճով աշխատեն մինչև ազգային:

Հիմա շատ ուրախալի է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը վստահում է երիտասարդներին: Ես դեռ երկու տարի առաջ էի ասում, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր արդեն պետք է քայլ անեն դեպի հավաքական, նույն Արթուր Քարտաշյանը, Ալիկ Առաքելյանը, Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Պետրոսյանը...: Նրանք դեռ 1-2 տարի առաջ պետք է խաղային ազգայինում:

«Բանանցը» 10-ից ավելի լեգիոներ ունի, իսկ նրանց դպրոցի երեխաները որտե՞ղ պետք է խաղան: Ստիպված տեղափոխվում են այլ թիմեր: Այսօր «Արցախում» 7-8 խաղացող կա, որ «Բանանցից» է եղել, «Գանձասար-Կապանի» երկու կենտրոնական պաշտպաններից մեկը «Փյունիկից» է դուրս մնացել, մյուսը «Բանանցից»: Քանի խաղ է «Գանձասար-Կապանը» հաղթում է, ու հիմնական կազմում հանդես են գալիս հենց այդ երիտասարդները:

 Երիտասարդական հավաքականում ևս այդ խնդիրը կա: Միայն 1-2 ֆուտբոլիստ է խաղում Բարձրագույն խմբում: Մ21 հավաքականի ֆուտբոլիստներ կարելի է ասել՝ չկան Բարձրագույն խմբում:

Վրաստանում երիտասարդական հավաքականի 7-8 ֆուտբոլիստ խաղում է արտասահմանյան լավ թիմերում, իսկ մյուսներն իրենց Բարձրագույն խմբի առաջատար ակումբների հիմնական կազմի խաղացողներ են: Երիտասարդներին պետք է վստահել, շանս տալ ու հետո պահանջել:

Ինձ շատ է մտահոգում նաև մեր մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը: Անընդհատ խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի կարևորության մասին, բայց այսօր շատ ակումբների մոտ մանկապատանեկան թիմեր ունենալը ձևական բնույթ է կրում: Ժամանակին «Փյունիկն» ու «Բանանցը» մեծ ուշադրություն էին դարձնում մանկապատանեկան թիմերին, բայց այսօր իրենք էլ բավականաչափ ուշադրություն չեն դարձնում: Հիշեք` «Փյունիկում» վերջին տարիներին քանի՞ ֆուտբոլիստ է մանկապատանեկան թիմերից բարձրացել վերև: Կա ֆուտբոլիստ, որին օրինակ բերել են չորրորդ փոխարինման համար: Իսկ հիշեք, թե Ռոբերտ Արզումանյանն ու շատերը քանի՞ տարեկանից են սկսել խաղալ Բարձրագույն խմբում...:

Այս առումով ամբողջ աշխարհն առաջ է գնում, իսկ մենք հետ: Ասում ենք, թե ինչո՞ւ չպետք է Ջիբրալթարին հաղթենք...: Բայց տեսեք, թե իրենք ստեղծման ժամանակից ի վեր ինչքան են առաջադիմել: Իսկ մենք ինչքան հետ ենք գնացել: Այո, համաձայն եմ, որ Ջիբրալթարին պետք է 5-6 գոլ խփեինք, բայց մարդիկ նույնպես առաջադիմում են: Երկու տարի առաջ երիտասարդական հավաքականով 3:0 հաշվով հաղթեցինք Ջիբրալթարի Մ21 ընտրանուն, որի կազմում հանդես էր գալիս նրանց ազգային թիմի ներկայիս ամենաուժեղ հարձակվողներից մեկը: Խաղում են 1998, 2000 թվականների ծնված ֆուտբոլիստներ, իսկ մեր ընտրանում չունենք այդ տարիքի խաղացող, նույնիսկ 1997 թվականի ծնված ֆուտբոլիստ չունենք:

Հիմա շատ ուրախալի է, որ «Լոկոմոտիվն» ու «Արցախը» շեշտը դնում են հենց հայ երիտասարդ ֆուտբոլիստների վրա, նրանց խաղալու հնարավորություն են տալիս: 

Եթե երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին ակումբներում չեն խաղացնում, ասում են նրանք առաջ չեն գնա, ուրեմն էլ ֆուտբոլի մասին ինչո՞ւ ենք խոսում, ուրեմն մենք ֆուտբոլային երկիր չենք, ուրեմն հավաքականների վրա խաչ քաշենք ու մտածենք միայն ակումբների մասին, որոնց էլ լեգիոներներով կպահենք:

- Իսկ այս պարագայում ազգային հավաքականում սերնդափոխության հարցն ինչպե՞ս եք պատկերացնում առաջիկա մի քանի տարվա համար:

- Հավաքականից արդյունք ենք պահանջում, բնական է` դա ազգային հավաքականն է, և սերնդափոխություն ենք պահանջում: Շատ դժվար է լինելու: Շատերն ասում են` Լիխտենշտեյնի հետ խաղում ինչո՞ւ Հենրի Ավագյանը պաշտպանեց դարպասը. բա էլ ո՞ր խաղում նրան շանս տրվեր: 

Նույն Պետրոսը... անձամբ եմ ներկա եղել այն խոսակցությանը, երբ «Բանանցի» իսպանացի մարզիչներն ասացին՝ «Պետրոս Ավետիսյանը մեզ պետք չէ»: Զարմացել էի: «Բանանցի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն էր: Գնաց «Փյունիկ», ու հիմա խաղում է ազգայինում` հանդիսանալով ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը: 

Սերնդափոխություն կա՛մ լինում է միանգամից, կա՛մ աստիճանաբար: Կարծում եմ՝ երեք ամիսը մեկ, 6 ամիսը մեկ հավաքականին պետք է մի քանի երիտասարդ միանա: Հիմա արդեն միացել են Արթուր Քարտաշյանը, Հենրի Ավագյանը, Ալիկ Առաքելյանը: Մի քանի խաղ հետո ևս մեկ երիտասարդ պետք է միանա: Եթե սերնդափոխությունը միանգամից լինի, արդյունքի վրա շատ կազդի:

Նարե Հովհաննիսյան
լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Share |
comments powered by Disqus

Լրահոս