Արթուր Վանեցյանը հանդիպել է Ալեքսանդր Չեֆերինի հետ

19:28 04.12.2018

Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Դուբլինում կայացած վիճակահանությանը մասնակցելու համար Իռլանդիայի մայրաքաղաք էր մեկնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին նաև ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ՀՖՖ Հավաքականների ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը և ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Դեկտեմբերի 1-ին՝ Դուբլինում կայացել է քառակողմ հանդիպում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, ՈՒԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների բաժնի տնօրեն Զորան Լակովիչի, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես, գալիք 4 տարում Հայաստանի մարզերում ՀՖՖ կողմից իրականացվելիք ենթակառուցվածքային զարգացման ծրագրերը: Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց ազգային նոր մարզադաշտ կառուցելու ծրագրերը:

ՈՒԵՖԱ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՖՖ-ին բոլոր հնարավոր միջոցներով, մասնավորապես, մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանելու, նախագծման, ՈՒԵՖԱ-ի փորձագետների աջակցության և մասնագիտական խորհրդատվության մասով:

Դեկտեմբերի 1-ին հանդիպում-սեմինարներ են ունեցել նաև ՀՖՖ պատվիրակության մյուս անդամները: ՀՖՖ Հավաքական թիմերի ապահովման բաժնի պետ Դավիթ Ավանեսյանը մասնակցել է հավաքականների մենեջերների սեմինարի, որի ընթացքում քննարկվել են Ազգերի Լիգայի մրցաշարի կազմակերպչական մի շարք հարցեր, ինչպես նաև Եվրո-2020-ի որակավորման փուլի հետ կապված մանրամասները:

ՀՖՖ Հասարակության հետ կապերի և Լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը մասնակցել է ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ֆեդերացիաների մամուլի քարտուղարների կոնֆերանսին, որի ընթացքում ներկայացվեցին մեդիայի ոլորտում Ազգերի Լիգայի մրցաշարի ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվել են Եվրո-2020-ի որակավորման փուլի ընթացքում լուսաբանման, տեխնիկական, սոցիալական մեդիաներում ակտիվության, մեդիա գործընթացների հետ կապված այլ մանրամասներ:

Share |

Լրահոս