Գևորգ Օհանյան. Ուրախ եմ, որ տարին ավարտեցի խփած գոլով

13:47 05.12.2018

«Գանձասար-Կապանի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Օհանյանը կապանյան թիմի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է ընթացիկ մրցաշրջանը:

Ֆուտբոլիստը նախ խոսել է Բարձագույն խմբի առաջնության աշնանային հատվածի վերջին տուրում «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:1).

«Շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար, որովհետև մրցաշրջանի հենց սկզբից մենք զգում էինք, որ քիչ միավորներ ունենք ու շատ ենք հետ մնում։

Պետք էր հաղթել ու միավորներ վաստակել։ 3 անընդմեջ հաղթանակից հետո շատ բարձր տրամադրությամբ էինք մոտեցել «Փյունիկի» հետ խաղին։ Տարվա վերջին հանդիպումն էր ու պետք է ամեն ինչ անեինք, որպեսզի բարձր նոտայի վրա ավարտեինք մրցաշրջանը։ Հուսով եմ, որ առաջնության հաջորդ կեսում մենք կկարողանանք բարձր հորիզոնականների համար պայքարել։ Պետք է շարունակենք այսպես»,- ասել է Գևորգ Օհանյանը:

Ֆուտբոլիստին հարց է ուղղվել այն մասին, թե ինչի շնորհիվ «Գանձասարը» հաղթեց 4 անընդմեջ խաղում.

«Մենք գավաթի խաղարկությունում պարտվեցինք «Արարատ-Արմենիային», իսկ անմիջապես հետո էլ միջազգային դադար եղավ։ Այսինքն մենք ժամանակ ունեցանք հասկանալու թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ պետք է անենք, որպեսզի հաջող արդյունքներ գրանցենք։

Գավաթում կրած պարտությունը մեզ համար ահազանգի նման մի բան էր, որ պետք է հավաքվենք, կենտրոնանաք ու ամեն ինչ անենք, որպեսզի միավորներ վաստակենք։ Լավ է, որ այդպես էլ ստացվեց։ Հիմա թիմը գտնվում է շատ լավ վիճակում։ Դադարի ընթացքում բարելավեցինք նաև մեր ֆիզիկական մարզավիճակը։ Փոխվեց նաև տղաների հոգեբանությունը։ Միշտ հաճելի է, երբ հաղթում ես, ամեն հաղթանակից հետո պարտավորված ես լինում նոր հաջողություն գրանցել»:

Գևորգ Օհանյանի ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ:

Share |

Լրահոս