Սաութհեմփթոնը նոր գլխավոր մարզիչ ունի

17:08 05.12.2018

«Սաութհեմփթոնի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ռալֆ Հազենհյութլը:

51-ամյա ավստրիացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է 2,5 տարվա համար:

Հազենհյութլը հայտնի է «Լեյպցիգում» կատարած իր աշխատանքով: 2016 թվականին նա գլխավորել էր «Լեյպցիգը», երբ թիմն իր պատմության մեջ առաջին անգամ Բունդեսլիգայում խաղալու հնարավորություն էր ստացել:

Բունդեսլիգայում անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում «Լեյպցիգը» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց:

Հիշեցնենք, որ «սրբերի» ղեկավարությունն արդեն նախկին գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին աշխատանքից ազատել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից (2:2) հետո: Հյուզի հետ հեռացել են նաև նրա օգնականները՝ Մարկ Բոուենը և Էդի Նեդզվեցկին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրից հետո «Սաութհեմփթոնն» ունի 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս