Հանրահայտ Խինես Մելենդեսը սեմինար է անցկացրել Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)

19:15 05.12.2018

Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը դեկտեմբերի 5-ին Երևանում կայացած սեմինարի ընթացքում հայաստանցի 40 մարզիչների հետ քննարկեց ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: 

Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է:

Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):

Մելենդեսը վերջին տարիներին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը:

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած սեմինարի ընթացքում Խինես Մելենդեսը ներկայացրեց Աշխարհի վերջին 3 առաջնությունների տակտիկական վերլուծությունը՝ անդրադառնալով համակարգային և տեխնիկական մի շարք նրբությունների:

Հայ մարզիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել անվանի մասնագետին և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Խինես Մելենդեսը ևս մեկ սեմինար կանցկացնի Երևանում՝ դեկտեմբերի 7-ին:

Share |

Լրահոս