Ալեգրի. Ինտերի հետ հանդիպումը մեզ համար փորձություն է

16:47 06.12.2018

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ինտերի» հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Վաղն Իտալիայի դերբիի օրն է: Դա միշտ կարևոր իրադարձություն է՝ անկախ նրանից, թե մրցաշարային աղյուսակում թիմերն ինչ հորիզոնականներ են զբաղեցնում:

Մեզ համար առաջիկա հանդիպումը փորձություն է:

Մենք խաղալու ենք մի թիմի դեմ, որը մեծ առաջընթաց է գրանցել: «Ինտերը» և «Նապոլին» սկուդետոյի համար պայքարում մեր գլխավոր մրցակիցներն են: «Ինտերը» տեխնիկապես շատ ուժեղ և արագ խաղացող թիմ է, որն ունի ընդգծված առաջատար՝ Մաուրո Իկարդին: Շնորհավորում եմ Սպալետիին հաջող աշխատանքի կապակցությամբ:

Ամեն դեպքում, «Ինտերի» հետ հանդիպումը հերթականն է Իտալիայի առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը մեզ համար ավելի կարևոր է, քանի որ պայքարում ենք խմբում առաջին տեղը զբաղեցնելու համար:

Ջանն ապաքինվել է վնասվածքից և կլինի հայտացուցակում: Չեմ բացառում, որ նա խաղաժամանակ ստանա: Բենտանկուրը մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Մենք հետևում ենք նրա վիճակին»,- Ալեգրիի խոսքը մեջբերել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 7-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Այս հանդիպումից առաջ «Յուվենտուսը» 40 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» 29 միավորով երրորդ տեղում է:

Share |

Լրահոս