Լոթար Մաթեուսը նշել է, թե որն է Բավարիայի անհաջողությունների գլխավոր պատճառը

16:27 06.12.2018

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Մյունխենի «Բավարիայի» անհաջող ելույթների մասին.

«Ժամանակները փոխվում են, ֆուտբոլը դառնում է ավելի արագ, և նոր սերունդն առաջատար դիրքեր է զբաղեցնում: «Բավարիայի» ամենամեծ սխալն այն է, որ նոր մրցաշրջանից առաջ թիմում ոչինչ չփոխվեց:

Կովաչը ստիպված է մարզել այն ֆուտբոլիստներին, ովքեր վերջին տարիներին ամեն ինչ հաղթել են: Այժմ ես նրանցից շատերի մոտ ոչ մի մոտիվացիա չեմ նկատում: Ինչպե՞ս կարող ես ինքդ քեզ տրամադրել խաղին, երբ 6 անգամ անընդմեջ չեմպիոն ես դարձել: Խնդիրը ոչ թե ֆուտբոլիստներն են, այլ հոգեբանությունը:

Հնարավոր է, Կովաչը սխալ որոշումներ է կայացրել, բայց ես համոզված եմ՝ նա համապատասխան դասեր կքաղի: Նա հիանալի մարզիչ է, ով աշխատում է առավոտից մինչև ուշ երեկո, որպեսզի իր ֆուտբոլիստներին ավելի լավը դարձնի:

Վստահ եմ, որ ակումբի և երկրպագուների աջակցության դեպքում նա կկարողանա «Բավարիային» վերադարձնել նախկին արդյունքները»,- Լոթար Մաթեուսի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:

Հավելենք, որ Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետո «Բավարիան» ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը՝ առաջատար Դորտմունդի «Բորուսիային» զիջելով 9 միավորով:

Share |

Լրահոս