Երևան ՖԱ-ի գլխավոր մարզիչ. Մենք էլ կցանկանանք, որ լեգիոներների փոխարեն ավելի շատ խաղան հայ երիտասարդները

18:16 11.12.2018

«Երևան» ՖԱ-ի գլխավոր մարզիչ Սամվել Սարգսյանը հյուրընկալվել է ArmSport-ին, ամփոփել ՀՀ Առաջին խմբի առաջնության աշնանային հատվածը, խոսել ձմեռային դադարի ընթացքում սպասվող աշխատանքների, նոր համալրումների և այլնի մասին:

«Երևանը», հիշեցնենք, իր նորամուտի մրցաշրջանում անցկացրած 18 խաղից հետո վաստակել է 45 միավոր և զբաղեցնում է Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:

Աշնանային հատվածից հետո Առաջին խմբի առաջատարը «Յունոր-Սևանն է»` 49 միավորով.

«Նախ սկսենք նրանից, որ սկզբնական շրջանում մեզ մոտ ավելի շատ հայ ֆուտբոլիստներ էին, հետո արդեն կազմը լրացրինք ռուս խաղացողներով ու սկսվեց մեր աշխատանքը: Ձևավորեցինք բավականին լավ թիմ, բայց հետագայում շատ բան փոխվեց մեր ակումբում: Ունեինք արտասահմանցի հովանավորներ, որոնք հետագայում հետ կանգնեցին մեզնից ու թիմն ունեցավ դժվարություններ: Ամեն դեպքում, կարողացանք հաղթահարել դրանք:

Նորաստեղծ թիմ է, իհարկե լինում են սխալներ, բայց ընդհանուր առմամբ մեծ աշխատանքներ ենք կատարում, որոնք ուղղված են ավելի շատ վաղվան: 

Առաջին լիգայում հաղթելը հեշտ չէ, քանի որ բոլոր թիմերն էլ պատրաստված են: Օրինակ, «Լոկոմոտիվը», որը բավականին լավ թիմ ունի, բայց չնայած այդ հանգամանքին` շատ հաղթանակներ չի գրանցել, «Բանանցի» երկու թիմերն էլ լավն են, «Արարատ-Արմենիա-2»-ը հոյակապ ֆուտբոլ է խաղում ու մեր առաջնության, թերևս, լավագույն թիմերից մեկն է. նրանց շատ դժվարությամբ ենք հաղթել: Եվ, վերջապես, «Յունիոր-Սևանը», որն ինքներդ էլ գիտեք` առաջատարն է ու շատ ուժեղ թիմ ունի: Անկախ թիմերի ուժեղ և թույլ լինելուց` մեկ թիմի համար դժվար է միշտ հաղթելը: Եվ «Յունիորը» մինչև մեզ հետ վերջին խաղը պարտություն չուներ: Բավականին պինդ թիմ է, որը  չունի ֆինանսական խնդիրներ և ունի բարձրակարգ մարզիչ` ի դեմս Սերգեյ Գերասիմեցի: 

«Յունիորի» հետ վերջին խաղին շատ լավ էինք պատրաստվել: Առաջնային խնդիրը լավ խաղ ցուցադրելն էր, հետո նոր հաղթելը: Տղաները փայլուն կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Ունենք լավ թիմ ու լավ ֆուտբոլիստներ, որոնց հետ մեծ հույսեր ենք կապում:

- Առաջին հերթին ինչի՞ հաշվին կարողացաք հաղթել «Յունիորին»: Նրանց հետ խաղում առանձնահատուկ մոտիվիացիա կա՞ր` որպես անպարտելի առաջատարի:

- Եթե խաղի ժամանակ դաշտում անմնացորդ նվիրվում ես, անպայման հաջողության ես հասնում: Ամենամեծ խնդիրն այն է, որ մեր ֆուտբոլիստները հաճախ չեն հավատում իրենց ուժերին: Նրանց ասացինք, որ կարող են հաղթել, ուժեղ են: Եվ հետո, ինչպե՞ս կարող էինք թողնել, որ տուն գնային առանց պարտության (խմբ.- ժպտում է):

Առանց մոտիվացիայի ոչ մեկ չի կարող դուրս գալ դաշտ և ֆուտբոլ խաղալ: Մեր մոտիվացիան լավ ու արժանապատիվ խաղ ցույց տալն է: Առաջին հերթին խաղում ենք մեր պատվի համար:

- Նշեցիք, որ հովանավորների հետ կապված խնդիրներ են եղել: Հիմա այդ առումով թիմում ի՞նչ իրավիճակ է: 

- Մեր նախագահը Կարեն Հարությունյանն է, որն ամեն ինչ անում է թիմի համար: Շատ շնորհակալ ենք նրան: Նա նոր մարդ չէ ֆուտբոլում ու շատ փորձառու է, բավականին լավ պատկերացնում է ֆուտբոլն ու ամեն հարցում մեր կողքին է` աջակցելով թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ մարզիչներին: Նա ստեղծել է այնպիսի պայմաններ, որ այսօր շատերը միայն երազել կարող են: Անհրաժեշտ բոլոր պայմանները կան Էջմիածնի մարզաբազայում: Պատահական չէ, որ մենք հաջողություն ենք գրանցում:

Ակադեմիայում ունենք մոտ 300 պատանի` 2003-ից 2012 թվականներին ծնված: Երեխաները մեծ խանդավառությամբ են գալիս մարզվում: Շատ լավ մարզչական խումբ է ձևավորվել, մենք էլ ամեն հարցով օգնում ենք: Պետք է ամեն ինչ անել, որ երեխաներն ավելի շատ սիրեն ֆուտբոլը: Առաջին քայլերը շատ կարևոր են: Ամենակարևոր տարիքն է, թե ինչպես կդրվի հիմքը:

- Ձմեռային դադարի ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք կատարելու: Հավաքներ և կազմի համալրումներ սպասվու՞մ են:

- Թիմում որոշակի փոփոխություններ կլինեն: Ես մեծ սիրով կաշխատեմ հայ երիտասարդ ֆուտբոլիստների հետ. ինձ համար շատ կարևոր է, որ կարողանանք խաղացողներ պատրաստել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների համար: Մեզ մոտ կուզենամ ներգրավել 18, 19 նաև 17 տարեկան խաղացողների: Բայց միանգամից չենք կարող այդ հարցը լուծել և թիմ հրավիրել մեր ցանկացած խաղացողին, քանի որ շատերը պայմանագրեր ունեն իրենց ակումբների հետ:

Ամեն դեպքում, ես պատրաստ եմ հնարավորինս շատ խաղաժամանակ տրամադրել մեր երիտասարդ խաղացողներին, որպեսզի հետագայում նրանք պատրաստ լինեն Ազգային կամ երիտասարդական հավաքականներում խաղալուն: «Բանանցն», օրինակ, ունի այդ տարիքի 20 ֆուտբոլիստ, իսկ մենք` ոչ: Ես շատ ուրախ կլինեմ, եթե «Բանանցն» իր այն ֆուտբոլիստներին, որոնց խաղաժամանակ չի տրամադրում, գոնե վարձակալությամբ տա մեզ: Ինձ պետք է, որ մեր երիտասարդ խաղացողներն ավելի շատ խաղաժամանակ ստանան, փորձ ձեռք բերեն: Պահեստայինների նստարանին մնալով` օգուտ չեն ունենա: Եթե մեր թիմ էլ չգան, գոնե այլ ակումբներ տեղափոխվոն: Վերջիվերջո, ամենակարևորը մեր տարբեր տարիքային հավաքականներն են: Կարևոր է նաև այն, թե ակումբներն ինչպես են համագործակցում հավաքականների հետ:

Ունենք ռուս շատ լավ ֆուտբոլիստներ, որոնց կողքին մեր երիտասարդները կաճեն, կսովորեն: Արդյունքը, հավատացեք, շատ մեծ կլինի:

Սպասում ենք համալրումների, բայց ինչպես նշեցի` հայ խաղացողներով համալրվելու հարցը մի փոքր բարդ է: Թիմը չենք պատրաստում միայն Առաջին խմբում խաղալու համար, ցանկանում ենք ձևավորվել ուժեղ թիմ, որն ի զորու կլինի պայքարել Բարձրագույն խմբում: Երբ թիմը հավաքվի, մեզ կմիանան նոր լեգիոներներ: Նրանք,ովքեր կհապատասխանեն մեր պահանջներին, կմնան: Հայ խաղացողներին շատ եմ սիրում, նրանք պետք է լինեն, քանի որ լեգիոներների կողքին ավելի լավ կաճեն:

Հավաքներ նախատեսում ենք, բայց դեռևս հստակ որոշումներ չկան: Առայժմ հստակ է, որ երեք շաբաթ մեզ մոտ մարզվելուց հետո արդեն նոր ձևավորված թիմով կմեկնենք ուսումնամարզական հավաքի: Այսինքն` հավաքի առաջին փուլը կանցկացնենք Հայաստանում, իսկ երկրորդը` հավանաբար արտերկրում: Խոսակցություն կա Կիպրոսի հետ կապված: Բայց դեռևս հստակություն չկա այդ առումով:

Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա: Երբ մենք հավաքներն անցկացնում ենք շատ բարձրակարգ երկրներում, որոնք լավագույն պայմաններն ունեն` Կիպրոս, Թուրքիա ... բարձրացնում ենք թիմի ճաշակը, իսկ հետո գալիս ենք Երևան ու խաղում օրինակ «Միկայի» դաշտում, որտեղ ինքներդ էլ գիտեք` խոտածածկն ինչ վիճակում է: Հիասթափությունը ֆուտբոլիստներին կոտրում է` թե՛ հոգեբանորեն, թե՛ ներքին տրամադրվածությամբ: Ունենք իհարկե լավ դաշտեր, բայց համատարած պետք է լավը լինեն:

- Առաջնության ռմբարկուների ցանկը գլխավորում է Ձեր թիմի ֆուտբոլիստը` Ստանիսլավ Եֆիմովը, որն արդեն 24 գոլ ունի իր ակտիվում: Նրան հետևում է Իվան Լատիշևը 14 գոլով: Այս խաղացողների մասին ի՞նչ կասեք:

- Եֆիմովն ինձ համար հայտնություն է: Բավականին որակյալ խաղացող է: Լատիշևը` նույնպես: Կառանձնացնեմ նաև Եվգենի Եվգենևին: Այս խաղացողներին մեծ ապագա է սպասվում: Շատ կուզենանք, որ շարունակեն մեր թիմում հանդես գալ: Նրանք մնալու ցանկություն ունեն, բայց հայտնի է` այդպիսի բարձրակարգ խաղացողները ավելի ուժեղ թիմերում են ներգրավվում, ավելի բարձր աշխատավարձերով:

- Ի՞նչ եք կարծում այս թիմով կկարողանայիք որոշակի հաջողություններ գրանցել նաև Բարձրագույն խմբում:

- Ընկերական հանդիպումներ անցկացրել ենք Բարձրագույն խմբի թիմերի հետ: Բավականին շատ գործ ունենք անելու: Համոզվեցինք, որ այս թիմով դեռևս չենք կարող խաղալ Բարձրագույն խմբում: Արագությունները, որակները տարբերվում են: Ամեն դեպքում ունենք ֆուտբոլիստներ, ովքեր հանգիստ կարող են խաղալ որոշակի ադապտացիոն փուլից հետո: Օրինակ, Եֆիմովը, Իվան Մամախանովը, ով դեռևս այնքան էլ լուրջ չի մոտենում գործին, պետք է շատ խոսենք նրա հետ, Եվգենի Եվգենևը ևս շատ հեռանկարային խաղացող է, ունենք սևամորթ ֆուտբոլիստ, ով ոչ ստանդարտ որակներ ունեցող շատ հետաքրքիր խաղացող է, Իվան Լատիշևին ևս կցանկանամ առանձնացնել: Սրանք այն խաղացողներն են, ովքեր որոշակի ադապտացիայից հետո կկարողանան լավ հանդես գալ Բարձրագույն խմբում:

- Ամեն դեպքում, «Երևանի» ու «Յունիոր Սևանի» հայտնվելուց հետո Առաջին խմբի առաջնության դիտարժանությունը բավականին բարձրացել է: Դուք ինչպե՞ս կգնահատեք մեր Առաջին լիգայի մակարդակը:

- Բոլոր թիմերն էլ շատ հետաքրքիր են: Բոլորը տարբեր ֆուտբոլ են խաղում: Ու սա մեկ այլ փորձ է, երբ ամեն թիմի հետ խաղին պետք է յուրովի մոտենաս: Կարծում եմ` սա ֆուտբոլը զարգացնելու ևս մեկ քայլ է: 12 թիմ ունենք Առաջին լիգայում, ու այնպես չէ, որ թիմերը հավասար չեն իրար: Մենք երկրորդ տեղով ենք ընթանում, բայց մեզ հետապնդող թիմերը պակաս լավը չեն: Թե՛ «Լոկոմոտիվը», թե՛` «Բանանցի» երկու թիմերը, թե՛ «Յունիորը», որի հաջողությունները պատահական չեն .... Մի խոսքով, Առաջին լիգայի այս առաջնությունում փոփոխությունները շատ են: Ավելի հետաքրքիր է անցնում, ավելի լավ թիմեր կան: Հուսամ` մրցաշրջանի հաջորդ հատվածում «Արարատն» ու «Էրեբունին» էլ կբարձրացնեն իրենց խաղային որակները: 

- Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներիի համար խաղացողներ պատրաստելու հարցը բարձրացրիք ու այդ համատեքստում շատ է քննարկվել լեգիոներների հնարավոր սահմանափակման հարցը: Հետաքրքիր է` Ձեր տեսակետն այս հարցի շուրջ:

- Լավ, մենք մի տեղից պետք է սկսե՞նք, թե՞ ոչ: Այս տարի մենք ունեցանք 4 հայ ֆուտբոլիստ, մյուս տարի կունենանք 5 ֆուտբոլիստ, հաջորդ տարի` 6... և այդպես շարունակ: Գոնե այդպես մենք կկարողանանք աստիճանաբար առաջ գնալ: Արդեն երկու պատանի խաղացող ունենք, որոնք մեր թիմ են բարձրացել ակադեմիայից, ինչը շատ ուրախալի է: Բայց այդ գործընթացը ժամանակի հարց է: Մեր ակադեմիայի երեխաներին ժամանակի ընթացքում նոր կկարողանանք ներգրավել Առաջին խմբի թիմում:

Աստիճանաբար այդ խնդիրը կվերանա: Մեզ էլ հաճելի չէ: Լեգիոներներին հրավիրելով` պետք է մտածենք նրանց տնով ապահովելու, կեցության, սնունդի հարցերը լուծելու և մի շարք այլ բաների մասին, տնից հեռու են, շատ հարցեր են առաջանում: Նրանց մեջ էլ կան պրոֆեսիոնալներ ու միջակներ: Մեզ համար, իհարկե, ավելի լավ կլինի, որ մեր հայ ֆուտբոլիստները խաղան ու մենք նրանց այնպես պատրաստենք, որ արժանի լինեն հավաքականներում խաղալուն: Սա մեր առաջնային խնդիրն է: Մեծ սիրով կհամագործակցեմ մեր հավաքականների հետ:

Նարե Հովհաննիսյան

Share |

Լրահոս