16-ամյա ֆուտբոլիստը Հնդկաստանում ռեկորդային գոլ է խփել, բայց հետո պարզվել է իրականությունը

12:20 18.12.2018

Հնդկաստանում խայտառակ միջադեպ է տեղի ունեցել:

«Ջամշեդպուր» թիմի խաղացող Գուրավ Մուկխին փոխարինման է մտել հնդկական լիգայի հերթական տուրի` «Բենgալուրու» թիմի հետ խաղում և դարձել գոլի հեղինակ:

Մուկխին իր նորամուտն է նշել առաջնությունում, նա ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ և դարձել սուպերլիգայի պատմության մեջ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. Մուկխիի` ISL կայքում ունեցած անձնական էջում տարիքը նշված էր 16:

Հարձակվողին գոլի առթիվ շնորհավորել է նույնիսկ թիմակից Թիմ Կեհիլը.

«Սա կյանքիդ լավագույն պահն» է,- ասել էր ավստրալացին:

Սակայն, ավելի ուշ պարզվել է, որ Մուկխին իրականում 28 տարեկան է: Տարիքը կեղծելով նա զբաղվել էր նաև ավելի վաղ. 2015 թվականին հարձակվողը 15 տարեկանների մրցաշարի եզրափակչում 5 գոլ էր խփել, սկսվել էր հետաքննություն, և նա որակազրկվել էր իր 4 թիմակիցների հետ:

Նոր խախտման համար համահնդկական ֆուտբոլային ֆեդերացիան Մուկխիին որակազրկել է 6 ամսով և «Ջանշեդպուրին» նույնիսկ տեխնիկական պարտություն չի գրանցել: Ակումբին խնդրել են պատրաստել ֆուտբոլիստի իրական փաստաթղթերը, որպեսզի նրան նորից հայտավորեն:

Հատկանշական է, որ տարիքի կեղծումը հնդկական ֆուտբոլի ամենագլխավոր խնդիրներից մեկն է: 2012 թվականին Հնդկաստանի Մ17 հրավիրված խաղացողների 72%-ը կեղծել էր տարիքը: Մարզիչ Պրադյու Ռեդիի խոսքով, Հնդկաստանում Մ17 տարեկանների մրցաշարն իրականում Մ19 տարեկանների մրցաշար է, և դա վերաբերում է բոլոր մակարդակներին:

Share |

Լրահոս