Վլադիմիր Հարությունյան. Տարվա 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվելը մոտիվացնում է

14:54 22.12.2018

Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում ջրացատկի 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձևում բրոնզե մեդալ էր նվաճել Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը, ովքեր երեկ կայացած քվեարկության արդյունքում ընդգրկվել են Հայաստանի` 2018 թվականի 10 լավագույն մարզիների ցանկում:

Վլադիմիր Հարությունյանն ArmSport-ի հետ զրույցում կիսվել է լավագույնների տասնյակում հայտնվելու, քվեարկության կարգի և այլնի մասին.

«Շատ հաճելի էր, որ այդքան գլխավոր մարզիչ ու լրագրող մեզ ընդգրկեցին իրենց տասնյակում:

Հաճելի էր նաև, որ հանրության քվեարկության արդյունքում ևս ստացանք ձայներ:

Ես և Լևը շատ ուրախ ենք ու շնորհակալ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ արժանի համարեցին տեսնել լավագույնների տասնյակում: Այս հաղթանակը կմոտիվացնի մեզ ու հաջորդ տարի կփորձենք ավելի մեծ բարձրունքների հասնել»,- մեզ հետ զրույցում նշել է Վլադիմիր Հարությունյանը:

Խոսելով քվեարկության մասին` ջրացատկորդը հետևյալ կարծիքն է հայտնել.

«Կարծում եմ` մասնագետների և լրագրողների որոշումն ավելի կարևոր է: Օրինակ, Սիմոն Մարտիրոսյանն ու Արթուր Ալեքսանյանն ավելի քիչ ձայներ էին հավաքել ժողովրդի քվեարկության արդյունքում: Նայելով միայն sms-քվեարկությանը` անարդար կլիներ եթե Սիմոնի ու Արթուրի նման մարզիկները չընդգրկվեին տասնյակում»:

Հիշեցնենք` Հարությունյան-Սարգսյան զույգի մեդալն անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջինն էր ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնություններում:

Share |

Լրահոս

Loading...