Տարվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ. Ինչպես է քվեարկել Armsport.am-ը

16:20 23.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից այս տարի անցկացվում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակաբաշխությունը: 

Երկու անվանակարգերում քվեարկության արդյունքների հրապարակմանը մնացել է 1 օր: Առաջարկում ենք ծանոթանալ` ինչպես է քվեարկել Armsprot.am-ը.

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ»

1. Մարկոս Պիզելլի

Կարծում ենք` կարիք չկա բացատրելու է, թե ինչու ենք առաջին հորիզոնականում նշել Մարկոսին:

Փայլուն մրցաշրջան, որն ապացուցվում է ոչ միայն ցուցադրած խաղով, այլև նվաճած մրցանակներով` Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, լավագույն ռմբարկու:

Հայաստանի հավաքականի կազմում էլ Մարկոսը հիանալի ելույթներ ունեցավ: Շատ դեպքերում հենց նա էր իր վրա վերցնում խաղն ու առաջ տանում թիմին: Չնայած մրցաշրջանի վերջում ստացած վնասվածքին՝ Մարկոսի համար 2018 թվականը փայլուն ստացվեց:

2. Սարգիս Ադամյան

Գերմանական «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստն այս մրցաշրջանում հաստատեց, որ համարվում է թիմի առանցքային խաղացողներից մեկը: Անցկացրած 18 խաղում Ադամյանը դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում էլ մեր ընտրանու խաղացողը գերմանական ակումբի կազմում հաջող ելույթներ ունեցավ, իսկ «Յան Ռեգենսբուրգին» մի փոքր չբավականացրեց, որպեսզի մասնակցի Բունդեսլիգայի ուղեգիր տվող անցումային խաղերին:

Հայաստանի հավաքականում էլ Ադամյանը մշտապես լավ էր հանդես գալիս, հաճախ զգացվում էր շատ թիմակիցներից ավելի բարձր խաղամակարդակ ունենալու փաստը: Այս տարի Ադամյանը Լիխտենշտեյնի հետ խաղում հեղինակեց իր առաջին գոլն ազգային հավաքականում:

3. Հենրիխ Մխիթարյան

Նախորդ մրցաշրջանի վերջը Մխիթարյանի համար հաջող էր: «Արսենալ» տեղափոխությունից հետո Մխիթարյանը լոնդոնցիների հետ հասավ մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ: «Միլանին» խփած գոլն էլ երկրպագուները դեռ երկար կհիշեն: Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը փորձում է գտնել իր լավագույն խաղն Ունայ Էմերիի գլխավորությամբ` գրեթե միշտ ընդգրկվելով «զինագործների» մեկնարկային կազմում:

«Տարվա լավագույն մարզիչ»

1. Անդրեյ Տալալաև

Ռուս մասնագետը եկավ «Փյունիկ» և միանգամից պատմություն կերտեց երևանյան ակումբի հետ: Տալալաևը հասավ մինչև Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ, ինչին այդքան երկար սպասում էին հայ երկրպագուները: Նրա գլխավորությամբ «Փյունիկը» նոր շունչ հաղորդեց հայկական ակումբային ֆուտբոլին:

2. Արմեն Ադամյան

Վանաձորը ներկայացնող «Լոռին» իսկական բացահայտում էր: Նախորդ մրցաշրջանում վստահորեն դառնալով Առաջին խմբի հաթող՝ այս տարի Ադամյանն իր թիմի հետ իսկական իրարանցում առաջացրեց Բարձրագույն խմբում: Մի քանի գեղեցիկ ու ջախջախիչ հաղթանակ, իսկ Հայաստանի Գավաթի խաղարկությունում «Լոռին» ձեռնունայն թողեց «Փյունիկին»:

Չնայած աշնանային հատվածից հետո Ադամյանը հեռացավ, բայց հայ մասնագետը կարողացել է ստեղծել հզոր թիմ, որը իսկական կռիվ կտա ոսկե մեդալների համար պայքարում:

3. Արամ Ոսկանյան

Ոսկանյանն արդեն երկար տարիներ է Հայաստանի առաջնությունում, իսկ նրա թիմերը միշտ աչքի են ընկել գրագետ ու գեղեցիկ խաղով: Հեռանալով «Բանանցից»՝ նա գլխավորեց «Ալաշկերտը»: Բարձրագույն խմբում համառ ու դժվարին պայքարում «Ալաշկերտը» կարողացավ աշնանային ընդմիջման գնալ առաջին տեղով: 

Նախորդ տարվա չեմպիոնն իսկապես հուսալի խաղ էր ցուցադրում Ոսկանյանի գլխավորությամբ և այս տարի էլ չեմպիոն դառնալու ամենաիրական հավակնորդն է:

Share |

Լրահոս

Loading...