Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

23:00 31.12.2018

Ավարտին է մոտենում 2018 թվականը: Իրադարձություններով հարուստ, հաղթանակներով, ինչու չէ նաև պարտություններով տարի:

Անցնող տարին հայկական սպորտի համար հակասական էր: Աշխարհի առջև կրկին մեր խոսքն ասացինք ծանրամարտում: Սիմոն Մարտիրոսյանը ֆանտաստիկ ռեկորդով դարձավ աշխարհի չեմպիոն: Ձյուդոյում ունեցանք Եվրոպայի չեմպիոն՝ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝  նվաճելով չեմպիոնի կոչումը:

Այս տարի ավելի մեծ էին սպասելիքներն ըմբիշներից, որոնք լավ հանդես եկան Եվրոպայի առաջնությունում, սակայն միայն երկու բրոնզե մեդալ բերեցին Աշխարհի առաջնությունից: Չի կարելի չնշել մեր մարմնամարզիկների և ջրացատկորդների հաջողությունները: Անկախ Հայաստանի պատմության մեջ մենք երբեք այս սպորտաձևերում չէինք հասել այնպիսի նվաճումների, ինչպիսին այս տարի:

Իսկ հայկական ֆուտբոլը երկար քննարկումների թեմա է: Այս տարի ՀՖՖ-ն ունեցավ նոր նախագահ, սակայն նույնիսկ ֆեդերացիայի նոր կազմը «չփրկեց» մեզ: Ազգերի լիգայում անհաջող հանդես գալուց հետո մնում է սպասել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլին:

Armsport.am-ն այս ամենի հետ մեկտեղ թերթում է 2018-ի էջը՝ հետևում թողնելով նախորդ տարվա հաջողությունները, կորուստները ու պատրաստվում է գալիք տարվան:

Պարտավորեցնող է լինել հայկական լրատվադաշտի առաջատարներից մեկը: Շնորհակալություն ենք հայտնում ավելի քան 11 միլիոն այցելությունների համար: Սա պարտավորեցնող ցուցանիշ է, որը ստիպում է մեզ էլ ավելի զգոն ու սթափ լինել: Վստահեցնում ենք, որ գալիք տարում կանենք հնարավոր ամեն ինչ՝  բավարարելու մեր խստապահանջ ընթերողի պահանջները:

Մենք կշարունակենք աշխատել մարզաշխարհի ամենակարևոր ու հետաքրքիր լուրերն առաջինը ներկայացնելու սկզբունքով, Ձեզ հետ կկիսենք հաղթանակներն ու չեմպիոնական զգացողությունները, իսկ պարտությունները պատվով կտանենք:

Թո՛ղ 2019 թվականը Հայաստանի համար լինի մարզական ձեռքբերումների, հաղթանակների տարի, հայ ժողովուրդը թող գալիք տարում ունենա միայն հաղթական զգացումներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Share |

Լրահոս

Loading...