The Sun. Մխիթարյանի տեղը Արսենալի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել

21:45 07.01.2019

Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն:

The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում կարող է հարցականի տակ լինել: Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետ աշխատել է 2014/15 մրցաշրջանում:

25-ամյա ֆուտբոլիստը կարող է հանդես գալ կիսապաշտպանության կենտրոնում և եզրերում:

The Sun-ը գրում է, որ Էմերին վստահում է նաև Մխիթարյանին, ով այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Սակայն, հայ ֆուտբոլիստը մի քանի անգամ ձեռքից բաց է թողել գոլի հեղինակ դառնալու իրական հնարավորությունը` «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում:

Նշվում է, որ Սուարեսի հետ բանակցություններն ընթացքի մեջ են: Լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև Յանիկ-Ֆերեյրա Կարասկոյի տրանսֆերը գնելու հնարավորությունը:

Հավելենք, որ այս պահին Մխիթարյանն ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...