Չերդանցևը Մխիթարյանի` Արսենալից հնարավոր տեղափոխության մասին

14:42 09.01.2019

Матч ТВ-ի մեկնաբան Գեորգի Չերդանցևը մեկնաբանել է ԶԼՄ-ներում վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունը, թե «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ ակումբից, եթե «զինագործները» «Բարսելոնայից» ձեռք բերեն Դենիս Սուարեսին.

«Բոլոր այս տրանսֆերային շշուկներն անիմաստ է մեկնաբանելը, քանի որ մենք չգիտենք, թե որքանով են դրանք հավաստի:

Սա կարող է լինել ԶԼՄ-ների խաղ, ինչ-որ գործակալան գործեր»,- ասել է Չերդանցևը Sputnik ռադիոյի եթերում` ավելացնելով, որ ոչ մի հիմք չկա լրջորեն քննարկելու Մխիթարյանին Դենիս Սուարեսով փոխարինելու մասին շշուկները:

«Մխիթարյանը Եվրոպայում վաղուց է իրեն դրսևորել և «Արսենալ» է տեղափոխվել չափազանց բարձրակարգ խաղացողի կարգավիճակում: Կարծում եմ` նրա մակարդակի համար ոչ մի լրացուցիչ ապացույցի կարիք չկա: 

Մխիթարյանը պահանջված է իր ակումբում, ինչո՞ւ պետք է նա որևէ բան փոխի, իսկ Սուարեսի մասին ես առհասարակ առաջին անգամ եմ լսում»,- խոստովանել է մեկնաբանը:

Չերդանցևն ընդգծել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում միշտ էլ տարատեսակ ինֆորմացիաներ են հայտնվում ԶԼՄ-ներում: Հաշվի առնելով անհանգիստ իրավիճակը «Արսենալում», կապված մրցաշրջանի ավարտին ոչ այնքան հաջող ելույթների հետ, երկրպագուները շատ հարցեր են ունենում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում Մխիթարյանը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Տեղեկություն կար նաև այն մասին, որ Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել «Միլանը», որը խնդիրներ ունի կիսապաշտպանությունում: Ըստ լուրերի իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այս ամիս կարող է իրականացնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Share |

Լրահոս

Loading...