Արսեն Ջուլֆալակյանը ստացավ պատգամավորական մանդատը

15:16 10.01.2019

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որն «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրվել էր ԱԺ արտահերթ ընտրություններում, այսօր` հունվարի 10-ին, ստացել է պատգամավորական մանդատը:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մարզիկը, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ չի ավարտելու մարզական կարիերան.

«Ինչպես մինչ այժմ եղածս բնագավառներում, այստեղ ևս խոստանում եմ նույնքան որակյալ, հետևողական և սկզբունքային լինել:

Հատուկ մարզասերների և իմ անձնական երկրպագուների համար` մասնակցությունս ընտրություններին ամենևին չի նշանակում մարզական պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտ։

Ինչպես նշել եմ նախկինում, նպատակն անփոփոխ է՝ Տոկիո 2020, և շարունակելու եմ այդ ուղղությամբ անհրաժեշտ հաղթական քայլերը»,-հայտարարել էր Ջուլֆալակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունահռոմեական ըմբշամարտի մեր երկրի հավաքականը հունվարի 17-31-ը Ծաղկաձորում նոր տարվա ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի: 

Մեծահասակների համար սա Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է հանդիսանում:

Share |

Լրահոս

Loading...