Հայաստանն ինձ համար շատ կարևոր է. Պիզելին ստացավ FAF համակրանք մրցանակը

00:40 10.01.2019

Հունվարի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժման՝ FAF-ի տարվա ամփոփիչ միջոցառումը:

Երեկոյին հրավիրված էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամներ, Հայաստանի ազգային հավաքականում և Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրի Ավագյանը, ինչպես նաև FAF շարժման անդամներ:

Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին տարվա ընթացքում FAF-ի կազմում ամենաշատն ակտիվ մասնակցություն ունեցած երկրպագուներին: Հանձնվեցին «Տարվա լավագույն աղջիկ նորեկ», «Տարվա լավագույն տղա նորեկ», «Տարվա լավագույն ուլտրաս» և «Տարվա լավագույն FAF-ական» մրցանակները:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը կարևորեց երկրպագուների դերն ու շեշտեց, որ միասին պետք է հայկական ֆուբոլն առաջնորդենք դեպի բարձունքներ.

«Եթե ինչ-որ բան կազմակերպվում է ՀՖՖ-ի կողմից, ապա գլխավոր շահառուն երկրպագուն է: Առանց երկրպագու ամեն ինչ անհետաքրքիր է: Կարևորում ենք երկրպագուների դերը, հատկապես այս տարվա անհաջողությունից հետո՝ Մակեդոնիայի հետ խաղում: Ուրախ եմ, որ կա միասնականություն. միասին պետք է առաջնորդենք հայկական ֆուտբոլը դեպի բարձրունքներ»,- նշեց նա:

Մրցանակ ստացավ նաև «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում Արցախի դրոշով դաշտ ներխուժած երկրպագուն՝ Սպարտակը, որը բնակվում է Բելգիայում և առաջին անգամ այցելել է Հայաստան.

«Որոշեցի նման քայլի գնալ, քանի որ նախ Մխիթարյանին չթողեցին խաղալ Ադրբեջանում «Արսենալի» կազմում, ինչպես նաև Ադրբեջանը որոշել է, որ պետք է ակումբ հիմնադրի և անվանակոչի «Ղարաբաղ»: Այս պատճառով որոշեցի ինչ-որ քայլ անել Արցախի դրոշով՝ ապացուցելու, որ Ղարաբաղ չէ, այլ Արցախ է և Արցախը նրանցը չէ, այլ ՝ մերը:

Նախատեսել էի, որ դաշտ դուրս գայի, դրոշը դնեի Մխիթարյանի ոտքերի առջև, համբուրեի և հեռանայի, սակայն Մխիթարյանն այդ օրը փոխարինման չմտավ: Սպասեցի մինչև երրորդ փոփոխությունը, որից հետո հարմար պահ ստեղծվեց ու կարողացա ներխուժել դաշտ»,- ասաց Սպարտակը:

Միջոցառման վերջում FAF-ը հանձնեց «Տարվա համակրանք» մրցանակը: Այն ստացավ Հայաստանի հավաքականի և «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոսը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի հետ կապ հաստատվեց skype-ով:

Ֆուտբոլիստը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին: Մարկոսը միակ ֆուտբոլիստն է, ով այս մրցանակը ստանում է երկու անգամ:

«Միշտ ասել եմ, որ ինձ համար Հայաստանն ու հայերը շատ կարևոր են: Ամեն ինչ կանեմ Հայաստանի համար ու, քանի որ ես ֆուտբոլիստ եմ, դա պետք է ապացուցեմ դաշտում: Ուրախ եմ մրցանակի համար, շնորհակալություն երկրպագուներին, հավաքականի իմ թիմակիցներին, մարզչին՝ որը հավատաց և վստահեց ինձ»,- ասաց նա:

Share |

Լրահոս

Loading...