Հունահռոմեական ոճի ըմբիշները հավաք կանցկացնեն Ծաղկաձորում

14:07 10.01.2019

Հունվարի 17-31-ը Ծաղկաձորում նոր տարվա ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի հունահռոմեական ըմբշամարտի մեր երկրի հավաքականը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական ակայքը:

Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը մեծահասակներից բացի հավաքի է ընդգրկել նաև երիտասարդական թիմի առաջատարներին:

Գլխավոր մարզիչը ՀԱՕԿ-ի հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ ծաղկաձորյան հավաքին կմասնակցի շուրջ 60 մարզիկ:

Մեծահասակների համար սա Բուխարեստում ապրիլի 10-14-ը կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական առաջին փուլն է հանդիսանում:

Չափազանց պատասխանատու է բուխարեստյան ստուգատեսը: Մրցակարգի համաձայն օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված քաշային կարգերից որևէ մեկում եթե մասնակից երկրի թիմը հայտ չներկայացնի, ապա նա կզրկվի, իրավունք չի ունենա ըմբիշ գործուղել աշխարհի 2019թ. առաջնություն:

Ավելին, եթե ըմբիշը Եվրոպայի առաջնությունում տեղ չզբաղեցնի 1-16-րդ հորիզոնականներում ,ապա նա իրավունք չի ունենա մասնակցել Մինսկում կայանալիք եվրոպական ամառային երկրորդ խաղերին

Իսկ Եվրոպայի առաջնությունում մեդալների համար կպայքարեն 10 քաշային կարգերում հայտավորվածները, իսկ մինսկյան խաղերում գործելու է օլիմպիական ծրագիրը. մրցանակները կվիճարկեն քաշային վեց կարգերի ներկայացուցիչներ / 60կգ, 67կգ, 77կգ, 87կգ, 97կգ և մինչև 130կգ /:

Ծաղկաձորի հավաքից հետո մեր մի խումբ ըմբիշներ իրենց ունակությունները կդրսևորեն Ֆրանսիայում փետրվարի 1-4-ը կայանալիք միջազգային մրցաշարում:

Նշվում է, որ ԱՄՆ-ում շարունակում է վնասվածքներից ապաքինվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, իսկ հավաքականի մյուս առաջատարի` Արսեն Ջուլֆալակյանի գերխնդիրը Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելն ու հաջողության հասնելն է:

Share |

Լրահոս

Loading...