Ալաշկերտը հավաք կանցկացնի Անթալիայում. հայտնի են առաջիկա մրցակիցները

14:16 11.01.2019

«Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո վերսկսել է մարզումները:

Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր, «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզմանը, որի ընթացքում ալաշկերտցիները վազքային վարժություններ են կատարել, մասնակցել են հայաստանցի ֆուտբոլիստները:

Արդեն վաղն «Ալաշկերտին» կմիանան բոլոր արտասահմանցի ֆուտբոլիստները:

Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երևանում կմարզվի մինչև հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը:

Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված է 3 ստուգողական հանդիպում: Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված է 6 ստուգողական հանդիպում: Մրցակիցների վերաբերյալ տեղեկատվություն կհրապարակվի առաջիկայում:

Share |

Լրահոս