Լեմպարդ. Լավ է, որ Բիելսան խոստովանեց լրտես ուղարկելը

10:35 12.01.2019

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է անգլիական Չեմպիոնշիփի 27-րդ տուրի` «Լիդս Յունայթեդի» հետ խաղից առաջ մարզման ժամանակ գրանցված միջադեպը:

«Դերբիի»` երեկ առավոտյան կայացած մարզման ժամանակ ոստիկանները մարզաբազայի մոտ կասկածելի անձնավորության են նկատել, որը հեռադիտակով հետևել է Ֆրենկ Լեմպարդի թիմի մարզմանը:

Արդյունքում մարզումը ստիպված են եղել դադարեցնել:

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան խոստովանել է, որ նա է մարդ ուղարկել հետևելու «Դերբի Քաունթիի» մարզմանը: Բիելսան ավելի ուշ զանգահարել է Լեմպարդին և ներողություն խնդրել.

«Լավ է, որ Բիելսան խոստովանեց: Ես զրուցեցի նրա հետ, և նա նշեց, որ մարզական տեսանկյունից դա սխալ քայլ էր, որը փչացրել է մեր նախապատրաստությունը: Ոստիկանություն կանչվեց, լրտեսը փախավ` տեսնելով մարտավարության հետ կապված աշխատանքն ու իմանալով, որ Հարի Ուիլսոնը չի մարզվում»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

«Լիդս»-«Դերբի» հանդիպումը կայացել է հունվարի 11-ին Լիդսի «Էլանդ Ռոուդ» ստադիոնում և ավարտվել տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով:

«Լիդսը», վաստակելով 54 միավոր, գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը, իսկ «Դերբին» 43 միավորով գտնվում է 6-րդ տեղում:

Հիշեցնենք` Լեմպարդը 2018 թվականի մայիսին է գլխավորել «Դերբին»:40-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է 3 մրցաշրջանով:

Share |

Լրահոս

Loading...