Արարատ-Արմենիայի նորեկը պատմել է իր տպավորությունների մասին

18:42 12.01.2019

«Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել Ալեքս Ջունիորի հետ՝ նոր թիմ տեղափոխվելու, ակումբի կազմի և իր նպատակների մասին:

- Շնորհավորում ենք «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու կապակցությամբ: Հե՞շտ կայացրեցիք այս որոշումը:

- Սկզբում ես կցանկանամ ողջունել «Արարատ-Արմենիա» ակումբի բոլոր երկրպագուներին. ես շատ երջանիկ եմ, որ միացել եմ այս թիմին: Երբ իմ գործակալն ինձ ասաց, որ կա հնարավորություն «Արարատ-Արմենիա» տեղափոխվելու, ես շատ ուրախացա: «Արարատ-Արմենիան» այն թիմն է՝ որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ուզում է հանդես գալ՝ թիմի բարձր մակարդակի շնորհիվ:

- Դուք արդեն մասնակցել եք մարզումներին, կիսվեք ձեր առաջին տպավորություններով թիմի և անձնակազմի մասին:

- Ես արդեն երկու մարզման եմ մասնակցել և շատ ուրախ եմ այս ընտանիքի անդամը լինել: Տպավորված եմ թիմում տիրող ջերմ մթնոլորտով՝ ֆուտբոլիստները շատ ջերմ են և հարգանքով, և բոլորն էլ շատ լավ մարզվում են:

- Ձեր նոր խաղընկերներից ու՞մ եք լավ հիշում առաջնության ժամանակ միմյանց դեմ մրցելիս:

- Ես շատ լավ հիշում եմ բոլոր ֆուտբոլիստներին, բայց առանձնապես տպավորվել էր Վլադիմիր Խոզինի և Գեորգի Պաշովի խաղը:

- Դուք Հայաստանի առաջնությունում բավականին երկար ժամանակ եք խաղում, ինչքանո՞վ է տեղական առաջնության մակարդակը փոխվել այս մրցաշրջանում:

- Առաջնության մակարդակը ամեն մրցաշրջանի հետ լավանում է, ես շատ երջանիկ եմ, որ նախորդ մրցաշրջանի լավագույն լեգիոներն եմ ճանաչվել: Այս մրցաշրջանում բոլոր թիմերը ուժեղանում են, բոլոր խաղերում մարտահրավեր կա, ինչը շատ լավ է առաջնության մակարդակի համար:

- Սովորաբար դուք հանդես եք գալիս որպես ձախ պաշտպան, բայց դուք նաև կարողանում եք լավ հանդես գալ հարձակման ձախ եզրում, որտե՞ղ եք դուք ձեզ ավելի հարմարավետ զգում:

- Այո, ձախ պաշտպանի դիրքն ինձ համար հիմնական դիրք է՝ դա հենց այն դիրքն է, որում ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ: Բայց երբ եկա Հայաստան, մարզիչներից մեկը փորձեց ինձ ձախ հարձակվողի դիրքում, որտեղ ես սկսեցի արդյունավետ խաղ ցուցադրել և շարունակեցի այդ դիրքում խաղալ՝ ինչը ինձ դուր է գալիս: Ես սիրում եմ խաղալ մեկը մեկի դեմ, ով էլ լինի դիմացինս, ես նրան կշրջանցեմ (ծիծաղում է):

- Ունե՞ք կուռքեր ֆուտբոլում, ու՞մ եք ամենաշատը երկրպագում:

- Դեռ մանկուց երկրպագել եմ Ռոբերտո Կառլոսին և Մեսսիին: Ես ուրախ էի, երբ խաղացի Մեսսիի դեմ անցած տարի և հասկանում եմ, թե ինչու է նա լավագույն ֆուտբոլիստը աշխարհում:

- Ի՞նչ նպատակներ եք դրել Ձեր առջև «Արարատ-Արմենիա» ակումբում:

- Իմ նպատակներն ինչպես միշտ նույնն են՝ մենք երկու գավաթ ունենք առջևում: Մենք հարգում ենք հակառակորդներին, բայց չենք վախենում նրանցից: Մենք առավելագույնն ենք անելու մեր երկրպագուների համար և ուրախացնելու ենք տալով այն՝ ինչին արժանի են նրանք:

- Ինչպե՞ս եք զգում Ձեզ Երևանում:

- Այստեղ գալուս առաջին օրվանից էլ հավանել եմ երկիրը՝ հատկապես Երևանը: Իսկապես շատ հանգիստ և գեղեցիկ քաղաք է, դեռ ոչ մի վատ բան չեմ հասցրել նկատել:

- Երևանի ո՞ր վայրերն եք սիրում այցելել:

- Սիրում եմ Աբովյան փողոցը և Կասկադը՝ այնտեղ շատ լավ ռեստորաններ կան:

- Մեր ակումբի երկրպագուները Ձեր տրանսֆերի մասին լուրը շատ լավ ընդունեցին, ի՞նչ կցանկանաք ասել նրանց:

- Ես ուրախ եմ լինել այս թիմում: Ես կտամ այն ամենն, ինչ ունեմ և ինչ կարող եմ նրանց երջանկացնելու համար և կփորձեմ վաստակել 3 միավոր յուրաքանչյուր խաղում: Շնորհակալ եմ շատ:

Share |

Լրահոս