ՄՅՈւ-ն կլորիկ գումար է առաջարկում Կոուտինյոյի տրանսֆերի համար

14:10 12.01.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, հնարավոր է, վերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա:

The Mirror-ը հաղորդում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը Կոուտինյոյի տրանսֆերի համար պատրաստ է վճարել 140 միլիոն եվրո:

«Բարսելոնայում» դժգոհ են Կոուտինյոյի ներկայիս մարզավիճակից: Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն և թիմի ավագ Լիոնել Մեսսին զրուցել են Կոուտինյոյի հետ և նրան ավելի արդյունավետ խաղալու կոչ արել: Եթե իրավիճակը չփոխվի, «Բարսելոնան» պատրաստ կլինի հրաժարվել Կոուտինյոյից:

Հավելենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 24 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում: Կոուտինյոյի՝ «Բարսելոնայի» ղեկավարության հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Share |

Լրահոս