NBA. Հարդենի թրիփլ-դաբլը հաղթանակ է պարգևել Հյուսթոնին, Գոլդեն Սթեյթը ջախջախել է Չիկագոյին (տեսանյութ)

14:40 12.01.2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 9 հանդիպում:

«Հյուսթոն Ռոկետսը» սեփական հարկի տակ 141:113 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «Կլիվլենդ Կավալյերսի» նկատմամբ: Հանդիպման գլխավոր հերոսը եղել է «Հյուսթոնի» պաշտպան Ջեյմս Հարդենը, ով թրիփլ-դաբլ է ձևակերպել՝ 43+12+10:

«Կլիվլենդի» կազմում 18 միավոր է վաստակել կենտրոնական Անտե Ժիժիչը, Ջեդի Օսմանի ակտիվում գրանցվել է 15 միավոր, Կոլին Սեկստոնի՝ 14, իսկ Ալեկ Բյորկսի՝ 13:

«Հյուսթոնի» համար այս հաղթանակը երկրորդն էր վերջին երեք խաղում, իսկ «Կլիվլենդը» վեցերորդ անընդմեջ պարտությունը կրեց:

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» հյուրընկալել է «Չիկագո Բուլզին» և 146:109 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնել: Արդեն առաջին քառորդից հետո NBA-ի գործող չեմպիոնն ունեցել է 26 միավորի առավելություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է Կլեյ Թոմպսոնը, ով վաստակել է 30 միավոր: Սթիվեն Կարիի ակտիվում գրանցվել է 28 միավոր, իսկ Կևին Դյուրանտի՝ 22:

Երրորդ անընդմեջ հաղթանակը տոնելուց հետո «Գոլդեն Սթեյթը» զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Չիկագոյի» համար սա վեցերորդ անընդմեջ պարտությունն էր:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Վաշինգտոն Ուիզարտս»-«Միլուոկի Բակս»՝ 113:106
«Ֆիլադելֆիա Սիկսերս»-«Ատլանտա Հոուկս»՝ 121:123
«Տորոնտո Ռեպտորս»-«Բրուկլին Նետս»՝ 122:105
«Նյու Յորք Նիկս»-«Ինդիանա Պեյսերս»՝ 106:121
«Մինեսոտա Տիմբերվուլզ»-«Դալաս Մավերիկս»՝ 115:119
«Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»-«Շարլոտ Հորնետս»՝ 127:96
«Յուտա Ջազ»-«Լոս Անջելես Լեյկերս»՝ 113:95

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Share |

Լրահոս

Loading...