Australian Open․ Շարապովան և Կերբերն անակնկալ պարտություններ կրեցին

12:43 20.01.2019

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան պարտվեց Ավստրալիայի Բաց առաջնության 1/8 եզրափակչում։ Մրցաշարի 30-րդ ռակետը 6-4, 1-6, 4-6 հաշվով զիջեց ավստրալուհի Էշլի Բարտին (15):

2 ժամ 22 րոպե տևած հանդիպման ընթացքում Շարապովայի ակտիվում գրանցվեց 10 կրկնակի սխալ, 2 բրեյք-փոինթ՝ 8 հնարավորից, իսկ Բարտիի ակտիվում՝ 6 էյս, 4 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոինթ՝ 10 հնարավորից։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Բարտին մրցելու է Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի հետ, ով 6-2, 6-1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ամերիկուհի Ամանդա Անիսիմովայի նկատմամբ։

Անակնկալ արդյունք գրանցվեց գերմանուհի Անժելիկա Կերբերի և ամերիկուհի Դանիել Կոլինզի խաղում։ Վերջինս 6-0, 6-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տոնեց։ Թենիսիստուհիները կորտում անցկացրին ընդամենը 58 րոպե․ այդ ընթացքում WTA վարկանիշային աղյուսակի երկրորդ համարի ակտիվում գրանցվեց 1 բրեյք, իսկ Կոլինզը թույլ տվեց 1 կրկնակի սխալ, իրացրեց 6 բրեյք-փոինթ՝ 7 հնարավորից։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Դանիել Կոլինզը մրցելու է Սլոան Սթիվենս (ԱՄՆ)-Անաստասիա Պավլուչենկովա (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ։


Հիշեցնենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարն ավարտվելու է հունվարի 26-ին։ Գործող չեմպիոնը Կառոլինա Վոզնյացկին է, ով նախորդ խաղարկության եզրափակչում 7-6 (7-2), 3-6, 6-4 հաշվով հաղթել է Սիմոնա Հալեպին։ Երրորդ շրջանում գործող չեմպիոնին պայքարից դուրս էր թողել Շարապովան։

Share |

Լրահոս

Loading...