Օզբիլիս. Բեշիկթաշի երկրպագուները հրաշք են, բայց մարզիչն ինձ հնարավորություն չի տալիս

15:21 25.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը խոստովանել է թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբում ունեցած խնդիրների մասին:

Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բեշիկթաշին», սակայն ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս հոլանդական «Վիլլեմ II» ակումբում:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, Օզբիլիսը նշել է, որ թուրքական թիմի մարզիչն իրեն ինքնադրսևորվելու հնարավորություն գրեթե չի տվել:

«Ստամբուլն իմ ծննդավայրն է ու հրաշալի մեգապոլիս: Սակայն եթե ընդհանրապես խաղադաշտ դուրս չեմ գալիս, այնտեղ մնալուս իմաստը չկա», - ասել է ծնունդով Թուրքիայից հայազգի ֆուտբոլիստը՝ նշելով, որ պետք է լուրջ քննարկի հարցն ակումբի ղեկավարության հետ:

Նա նաև նշել է, որ եթե «Բեշիկթաշի» հետ պայմանագիր ստորագրելիս «ներկայի խելքն ունենար», մի փոքր ավելի երկար կմտածեր:

Օզբիլիսը չի թաքցրել, որ պայմանագիրը ստորագրելուց Հայաստանի և Թուրքիայի միջև եղած խնդիրներն իրեն անհանգստացրել են, սակայն «Բեշիկթաշի» երկրպագուները նրան շատ ջերմ են ընդունել:

«Մեկ բառով կարող եմ ասել, որ «Բեշիկթաշի» երկրպագուներն ուղղակի հրաշք են», - եզրափակել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը:

 

Share |

Լրահոս

Loading...