Australian Open. Ռեկորդային զույգի հանդիպումը` եզրափակչում

10:19 27.01.2019

Այսօր Մելբուրնի «Ռոդ Լեյվեր Արենայում» պայքարի դուրս կգան աշխարհի առաջին և երկրորդ ռակետները՝ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը։ Տարվա առաջին Grand Slam մրցաշարի համար ավելի լավ եզրափակիչ հնարավոր չէր ակնկալել։

Սա լինելու է թենիսիստների 53-րդ հանդիպումը, ինչը տղամարդկանց թենիսում ռեկորդային ցուցանիշ է, իսկ առհասարակ թենիսի պատմության մեջ այս դիմակայությունը խաղերի քանակով զիջում է միայն Կրիս Էվերտի և Մարտինա Նավրատիլովայի լեգենդար դիմակայությանը (թենիսիստուհիները 16-ամյա դիմակայության ընթացքում 80 հանդիպում են անցկացրել)։

Ջոկովիչի և Նադալի 52 հանդիպումների թվում եղել է նաև 2012 թվականի Ավստրալիայի Բաց առաջնության՝ 6 ժամ տևած եզրափակիչը, որում հաղթանակ տոնեց Նովակ Ջոկովիչը։

Վերջին անգամ թենսիստները հանդիպել են Ուիմբլդոնի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում։ 5 սեթ տևած համառ պայքարում հաղթեց Ջոկովիչը, որը հետո դարձավ չեմպիոն։

Վիճակագրություն

Նադալի համար այս եզրափակիչը 25-րդն է Grand Slam շարքի մրցաշարերում, իսկ Ջոկովիչի համար՝ 24-րդը։ 25 եզրափակչից 11-ը Նադալն անցկացրել է իր սիրելի «Ռոլան Գարրոսում» և հաղթել է բոլորում։ Ջոկովիչն այս շարքի մրցաշարերի եզրափակիչներից ամենաշատն անցկացրել է ԱՄՆ-ի Բաց առաջնությունում՝ 8 (հաղթել է 3 անգամ): Նովակի համար հաջողակ է Ավստրալիան, այստեղ նա 6 տիտղոս է նվաճել։

Սա 25-րդ դեպքն է, երբ պաշտոնական մրցաշարի չեմպիոնի կոչման համար պայքարում են Ջոկովիչն ու Նադալը։ Grand Slam մրցաշարերի եզրափակիչներում թենիսիստները հանդիպել են 7 անգամ, 4 հաղթանակ տոնել է Նադալը։

Ուշագրավ է, Australian Open-2019-ը դառնալու է Grand Slam շարքի 9-րդ անընդմեջ մրցաշարը, որում հաղթելու է մեծ քառյակի ներկայացուցիչներից որևէ մեկը։ Վերջին 8 Grand Slam մրցաշարերում 3-ական հաղթել են Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը, իսկ վերջին երկուսում չեմպիոն է դարձել Ջոկովիչը։

Ռեկորդներ

Սա հանդիպում է ոչ միայն Grand Slam-ի համար, այլև ռեկորդների։ Եթե հաղթի Նովակը, կդառնա Australian Open-ի առաջին յոթակի չեմպիոնը։ Այժ Նովակն այս ցուցանիշով առաջատարի կոչումը կիսում է Ռոջեր Ֆեդերերի հետ՝ 6-ական տիտղոս։ Սա 1968 թվականից՝ թենիսի նոր դարաշրջանից ի վեր, իսկ առհասարակ թենիսի պատմության մեջ 6 անգամ Australian Open-ի չեմպիոն է դարձել նաև Ռոյ Էմերսոնը։

Ջոկովիչը պայքարելու է երրորդ անընդմեջ Grand Slam-ի համար։ Եթե նա հաղթի այսօր, իսկ հետո դառնա նաև «Ռոլան Գարրոսի» չեմպիոն՝ կկրկնի 2015-2016 թվականների իր ցուցանիշը, որը սկսվեց Ուիմբլդոնի հաղթանակով և ավարտվեց հաջորդ մրցաշրջանի «Ռոլան Գարրոսում»։

Բացի այդ, հաղթանակի դեպքում Ջոկովիչը կգերազանցի Պիտ Սամպրասի ցուցանիշը։ Այժմ սերբ թենիսիստը տղամարդկանց թենիսում նրա հետ կիսում է Grand Slam մրցաշարերի տիտղոսների քանակով երրորդ հորիզոնականը՝ 14-ական տիտղոս։ Ռեկորդակիրը Ֆեդերերն է՝ 20 տիտղոս, իսկ երկրորդ տեղում Նադալն է՝ 17։ 

Նադալի համար ևս այս հանդիպումն առանձնակի նշանակություն ունի։ Նա կարող է դառնալ առաջին թենիսիսիտը, ով կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կնվաճի Grand Slam շարքի բոլոր 4 մրցաշարերի չեմպիոնական տիտղոսը։ Վերջինն առնվազն երկու անգամ Grand Slam շարքի բոլոր մրցաշարերում հաղթել է Ռոդ Լեյվերը, սակայն նա իր 11 տիտղոսից 6-ը նվաճել է սիրողական թենիսի ժամանակաշրջանում։

Կարիերայում երկրորդ անգամ Grand Slam շարքի բոլոր մրցաշարերում հաղթանակից մեկ քայլ է բաժանում նաև Ռոջեր Ֆեդերերին և Նովակ Ջոկովիչին, սակայն այս թենիսիստներին անհրաժեշտ է հաղթել «Ռոլան Գարրոսում»։

Հաշվի առնելով Նադալի՝ այս մրցաշարում ցուցադրած խաղը, նա այժմ ավելի քան երբևէ մոտ է նման ցուցանիշ գրանցելուն։ Բացի այդ, հաղթանակի դեպքում իսպանացին Grand Slam-երի քանակով ընդհուպ կմոտենա Ֆեդերերին։

Մինչև եզրափակիչ անցած ճանապարհը

Առաջին շրջան․ Նովակ Ջոկովիչ - Միտչել Կրյուգեր՝ 6/3, 6/2, 6/2
Երկրորդ շրջան․ Նովակ Ջոկովիչ - Ժո-Վիլֆրիդ Ցոնգա՝ 6/3, 7/5, 6/4
Երրորդ շրջան․ Նովակ Ջոկովիչ-Դենիս Շապովալով՝ 6/3, 6/4, 4/6, 6/0
Չորրորդ շրջան․ Նովակ Ջոկովիչ-Դանիլ Մեդվեդև՝ 6/4, 6/7(5), 6/2, 6/3
1/4 եզրափակիչ․ Նովակ Ջոկովիչ - Կեի Նիսիկորի՝ 6/1, 4/1, հրաժարվել է պայքարից
Կիսաեզրափակիչ․ Նովակ Ջոկովիչ - Լուկա Պուի՝ 6/0, 6/2, 6/2

Առաջին շրջան․ Ռաֆայել Նադալ - Ջեյմս Դակվորտ 6/4, 6/3, 7/5
Երկրորդ շրջան․ Ռաֆայել Նադալ - Մեթյու Էբդեն 6/3, 6/2, 6/2
Երրորդ շրջան․ Ռաֆայել Նադալ - Ալեքս Դե Մինուար՝ 6/1, 6/2, 6/4
Չորրորդ շրջան․ Ռաֆայել Նադալ - Թոմաշ Բերդիխ՝ 6/0, 6/1, 7/6(4)
1/4 եզրափակիչ․ Ռաֆայել Նադալ - Ֆրենսիս Տիաֆո՝ 6/3, 6/4, 6/2
Կիսաեզրափակիչ․ Ռաֆայել Նադալ - Ստեֆանոս Ցիցիպաս՝ 6/2, 6/4, 6/0

Ավստրալիայի Բաց առաջնությունում Ռաֆայել Նադալի հանդիպումները ցույց են տվել թենիսիստի հիանալի պատրաստվածությունը։ Անհավանական թվացող մատուցումների և ագրեսիվ խաղի շնորհիվ նա մրցակիցներին ոչ մի հնարավորություն չի տվել։ Ոչ ոք չկարողացավ մարտահրավեր նետել Նադալին, սակայն առջևում գլխավոր մրցակիցն է, որը նախորդ 52 հանդիպումների արդյունքներով իսպանացու դեմ հակախաղ ունի և չունի սիրելի մրցաշարում դիրքերը զիջելու մտադրություն։

Share |

Լրահոս

Loading...