Արթուր Պետրոսյան. Կարոտել էի ֆուտբոլը

20:38 29.01.2019

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վերադարձել է մարզչական աշխատանքի: Հայ մասնագետը գլխավորել է Վանաձորի «Լոռին»:

Armsport.am-ը զրուցել է Պետրոսյանի հետ` խոսելով մի շարք հետաքրքիր թեմաների մասին: Այս անգամ մենք ոչ թե հյուրընկալել էինք, այլ գնացել էինք Ավանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ այս օրերին մարզական հավաք է անցակացնում «Լոռին».

- Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս ստացվեց առաջարկը «Լոռիից» և ունեի՞ք առաջարկներ այլ ակումբներից.

- Հավաքականից հետո երկար ժամանակ աշխատանք չունեի:

Եղավ զանգ Թովմաս Գրիգորյանից, զրուցեցինք, երկու օրով եկա Հայաստան: Հետաքրքիր առաջարկ էր, իհարկե նաև Թովմաս Գրիգորյանը մեծ դեր խաղաց, որ ես համաձայնեցի: Կարծում եմ` շատ հետաքրքիր աշխատանք է սպասվում, երիտասարդ թիմ ունենք, մեծ պոտենցիալով:

Ես միշտ սովոր եմ լինել աշխատանքի մեջ թե՛ ֆուտբոլ խաղալու տարիներին, թե՛ մարզիչ լինելու ընթացքում: Կարիերայիս ընթացքում նման մեծ ընդմիջում չէի ունեցել, ընդհանրապես ընմիջում չէր եղել ու այս 7 ամիսը, իրոք, շատ ծանր էր անցնում: Կարոտել էի ֆուտբոլը:

- Շատերն են նշում, որ Բարձրագույն խմբի առաջնության խաղամակարդակը բարձրացել է, դուք նույնպե՞ս այս կարծիքին եք.

- Ես հետևում էի Հայաստանի առաջնությանը: Սխալ կլինի, եթե ասեմ, որ բոլոր հանդիպումները, բայց ամեն տուրից 1-2 խաղ դիտել եմ: Ես նույնպես կարծում եմ, որ առաջնության մակարդակը բարձրացել է: Թիմեր կան, որ շատ մեծ միջոցներ են ներդնում հաջողության համար. հաճելի փաստ է:

- «Լոռիի» գլխավոր մարզիչ դառնալուց հետո բոլորը նշում են, որ կրկնակի հետաքրքիր են դառնալու «Շիրակ»-«Լոռի» հանդիպումները, քանի որ դուք ծագումով Գյումրիից եք և երկար տարիներ հանդես եք եկել «Շիրակում»: Ձեր առաջին խաղն էլ այնտեղ է: Ի՞նչ կասեք այս մասին.

- Закон подлости (ծիծաղում է-խմբ.) Չգիտեմ` ինչպես հայերեն անվանեմ դա: Եթե առաջնությունում իմ առաջին հանդիպումը չլիներ Գյումրիում, կմտածեի, որ այդ օրենքը չի աշխատում, սակայն հենց առաջին խաղն այնտեղ է:

Իհարկե, դա ինձ համար հատուկ խաղ է լինելու, Գյումրիում անցկացնելու եմ իմ առաջին հանդիպումը որպես «Լոռիի» գլխավոր մարզիչ: Սակայն, չեմ կարծում, որ խնդիրներ են լինելու: Մեծ հաճույքով վերադառնալու եմ Գյումրի:

- Երկար տարիներ հանդես եք եկել «Շիրակում», խաղացել եք Հայաստանի առաջնությունում: Եթե համեմատեք այդ տարիների և ներկայիս առաջնությունը, ապա ո՞րն է գլխավոր տարբերությունը.

- Չեմ ցանկանա համեմատություններ անել, սակայն այն տարիներին նոր էր Հայաստանը անկախացել և այդ ֆուտբոլիստները սովետական ֆուտբոլի դպրոցն անցած խաղացողներ էին: Շատ բարձր մակարդակի խաղացողներ էին: Այն ժամանակ ակումբներն ավելի շատ էին ու կային խաղացողներ, որոնք ԽՍՀՄ տարբեր տարիքային հավաքականներում էին խաղացել:

Ամենակարևորը երևի այն էր, որ ֆուտբոլիստները շատ էին ու «դուրս էին եկել» սովետական ֆուտբոլի դպրոցից: Այդ ժամանակ ֆուտբոլը նաև ավելի մասայական էր, գրեթե բոլոր մարզերում ֆուտբոլ էին խաղում: Հիմա, միայն Երևանով և Գյումրիով ոչնչի հասնել չենք կարող: Սա իմ կարծիքն է: Արդեն Լոռին թիմ ունի: Պետք է ամեն մարզում ունենանք 1-2 ակումբ, որոնք կխաղան գոնե Հայաստանի Առաջին խմբում: 

Եթե ամեն մարզից 2-3 ֆուտբոլիստ կարողանանք ստանալ ու տրամադրել հավաքականներին, ապա պատկերացրեք, թե ինչ մրցակցություն կլինի: Տեղյակ եմ, որ արդեն ծրագիրը կա մարզերում ֆուտբոլը զարգացնելու ու ըստ իս` միակ փրկությունը դա է: Նաև կարևոր է բանակի հարցը: Բանակային ակումբ ունենալը նույնպես կարևոր է: 

- Խոսենք «Լոռիի» մասին. ի՞նչ նպատակներ են դրված թիմի առջև.

- Թիմի առջև նպատակ է դրված որքան հնարավոր է բարձր տեղ գրավել: Մենք 5-րդ հորիզոնականում ենք ու պարզ է, որ սա անբավարար արդյունք է:

- Արդյոք ավելի շատ ուշադրություն եք դարձնելու Հայաստանի Գավաթի խաղարկությանը, որպեսզի այն հաղթելով նվաճեք եվրագավաթների ուղեգիիր.

- Մենք այնպիսի վիճակում ենք, որ եթե կենտրոնանանք, օրինակ առաջնության վրա ու ուշադրություն չդարձնենք Գավաթին, ապա խնդիրներ կունենանք: Օրինակ, եթե կենտրոնանանք Գավաթի խաղարկության վրա ու այնտեղ հաջողության չհասնենք, ապա հնարավոր է` առաջնությունը կորցրած լինենք: Պետք է երկու ուղղությամբ էլ աշխատենք ու պայքարենք:

- Եթե ամփոփեք այս հավաքը, ի՞նչ տվեց այն թիմին.

- Դրականն այն է, որ հավաքից հետո թիմային ոգին ավելի բարձր կլինի: Այստեղ շատ լավ պայմաններ են հավաք անցկացնելու համար, տղաներից շատերն էլ առաջին անգամ են ուսումնամարզական հավաք անցկացնում: Սա նույնպես կրթելու, դաստիարակելու առումով մեկ քայլ առաջ էր և ամենակարևորը` այս շաբաթվա ընթացքում ծանր մարզումներ անցկացրինք ու վնասվածքներ չունեցանք: Թիմի մոտ էլ առաջընթաց կա ու դա ուրախալի է:

- «Բանանցի» և «Լոկոմոտիվի» հետ ընկերական խաղերը ի՞նչ տվեցին թիմին.

- Կային շատ դրական կողմեր, ինչպես նաև բացասական: Սխալները, իհարկե, ընթացքում կշտկենք: Թե՛ «Բանանցի», թե՛ «Լոկոմոտիվի» հետ խաղերում մի շարք դրական պահեր տեսա, չեմ բացառի, որ կային թերություններ, որոնք կվերացնենք: Չեմ խոստանա 100 տոկոսով, քանի որ ոչ մի խնդիր 100 տոկոսով վերացնել չի լինում:

- Մի փոքր կխոսե՞ք Թուրքիայում կայանալիք հավաքի մասին.

- Փետրվարի 12-24 լինելու ենք Թուրքիայում: Փետրվարի 15-ին հաստատված խաղ կա: Երեք խաղ լինելու է, կախված ֆուտբոլիստների քանակից կհասկանանք, 4-րդ հանդիպում կանցկացնենք, թե ոչ:

- Մի քանի հայ ֆուտբոլիստներ լքեցին թիմը, նորեկներ լինելո՞ւ են.

-Այո՛, նորեկներ սպասվում են: Կան հայ ֆուտբոլիստներ, որոնց հետ կապի մեջ ենք: Բանակցություններ ենք վարում Պորտուգալիայից և Աֆրիկայից մի քանի խաղացողների հետ: Շատ կցանկանայի, որ 2-3 հայ ֆուտբոլիստ նույնպես ունենայինք, ինչպես նաև փորձառու խաղացողներ: Սկզբում նշեցի, որ երիտասարդ թիմ ունենք և եթե ցանկանում ենք հաջողության հասնել, ապա փորձառու խաղացողներ պետք են, որպեսզի երիտասարդներին տանեն իրենց հետևից:

- Ի՞նչ կարծիք ունեք լեգեոներների լիմիտի մասին: Շատերը այս թեմայի մասին խոսելիս մատնանշում են հենց «Լոռիին».

- Հայկական նախանձ «Լոռիի» հանդեպ (ծիծաղում է-խմբ)... իհարկե, սա կատակ, սակայն կատակը մի կողմ, ես իմ կարծիքը մի քանի անգամ հայտնել եմ: Եթե լիմիտ մտցնենք, արհեստական մրցակցություն է լինելու: Այն հայ ֆուտբոլիստները, որոնք մրցունակ են, որակ ունեն, ապա այդ մրցակցությունը հաղթելու են: Շատ-շատ օրինակներ կան: Իմ կարծիքով անիմաստ է, սակայն որոշողը ֆուտբոլի ֆեդերացիան է:

- Այժմ շատ է խոսվում նաև գարուն-աշուն համակարգի մասին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս թեմային մասին.

- Ըստ իս գարուն-աշուն համակարգն ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Երևի Հայաստանի առաջնության համար գարուն-աշունն ավելի հարմար է: Ամեն դեպքում, ինձ համար տարբերություն չկա:

- Կա՞ն ֆուտբոլիստներ ակումբում, որոնց կառանձնացնեք.

- Այո, 3-4 ֆուտբոլիստներ կան, որոնք, իրոք, առանձնանում են: Անուններ չտամ, բայց եթե այսպես շարունակեն, ապա կարող են հանդես գալ Եվրոպայում` խաղամակարդակով ավելի բարձր առաջնություններում:

- Ակումբում ի՞նչ ծրագրեր ունեն Ձեզ հետ կապված: Արդյոք առաջնության ավարտից հետո, եթե անբավարար արդյունքներ լինեն, ապա կհեռանաք, թե՞ «Լոռիի» հետ ունեք երկարաժամկետ ծրագիր.

- Այստեղ արդյունքների մասին խոսք չկա: Ես ու Թովմաս Գրիգորյանը զրուցել ենք: Ասել եմ` մինչև մայիսի 31-ը կաշխատեմ «Լոռիում», եթե այնուհետև առաջարկ լինի արտասահմանից, ապա կհեռանամ, դրա մասին տեղյակ է նաև պարոն Գրիգորյանը: Անկախ զբաղեցրած դիրքից, կամ հաջողությունից, նույնիսկ եթե Եվրոպա լիգայում հայտնվենք:

Եթե առաջարկ չունենամ, ապա կզրուցենք ակումբի նախագահի հետ` հետագա քայլերը հասկանալու համար: Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև մայիսի 31-ը, դրանից հետո ունենք բանավոր պայմանավորվածություն, եթե առաջարկներ չլինեն և երկուստեք համաձայն լինենք շարունակել աշխատել, ապա կերկարաձգեմ պայմանագիրս:

Սուրեն Սուքիասյան

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

Share |

Լրահոս

Loading...