Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցնում Բելառուսում

23:43 09.02.2019

Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը փորձում է ամրապնդվել բելառուսական «Լուչում»: Այս մասին հաղորդում է by.tribuna.com կայքը:

25-ամյա Բեգլարյանը ռուսական «Կուբանի» սան է, հանդես է եկել նաև «Կրասնոդարի» երիտասարդական թիմում: 2012 թվականից մինչև 2018 թվականի ամառ դարպասապահը խաղում էր Հայաստանի Բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Գանձասարի», «Շիրակի», «Ուլիսի», «Միկայի» և «Ալաշկերտի» դարպասները:

2018-ի հունիսի վերջին Բեգլարյանը միացավ լատվիական «Լիեպայային», որի կազմում անցկացրել է 15 խաղ ու բաց թողել 10 գոլ: Նախորդ տարվա դեկտեմբերին Արսենը հեռացավ «Լիեպայայից», ինչպես ինքն էր հայտնել՝ պայմանագրի ժամկետի ավարտվելու պատճառով:

Հայաստանի Ազգային հավաքականի կազմում Բեգլարյանն անցկացրել է 14 խաղ: Հավաքականի վերջին մրցաշարում՝ Ազգերի լիգայի խմբային փուլում, ոչ մի հանդիպման չի մասնակցել: Նշենք, որ «Լուչը» Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 2018 մրցաշրջանում 24 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս