Մադրիդյան կրքեր. Աթլետիկոն հրապարակել է Ռեալի հետ խաղի վիճելի դրվագների լուսանկարները

13:23 10.02.2019

«Աթլետիկոյի» Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են Պրիմերայի 23-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպման (1:3) վիճելի դրվագների լուսանկարները, որոնց կից գրառում արված չէ:

Առաջին լուսանկարում «Աթլետիկոն» ուշադրություն է հրավիրում Խոսե Խիմենեսի՝ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ կանոնները խախտելու դրվագին: Տեսակրկնությունից հետո «Աթլետիկոյի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց:

Խիմենեսը խաղից հետո հայտարարել է, որ կանոնները խախտել է տուգանային հրապարակից դուրս:

Երկրորդ լուսանկարում ներկայացված է Ալվարո Մորատայի՝ «խաղից դուրս» վիճակի պատճառով չարձանագրված գոլի դրվագը:

Երրորդ լուսանկարով «Աթլետիկոն» փորձում է ցույց տալ, որ «սերուցքայինների» կիսապաշտպան Կազեմիրոն խախտել է կանոնները Մորատայի նկատմամբ, սակայն մրցավարներն այդ դրվագին ուշադրություն չեն դարձրել:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոյի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Ռեալն» ունի 45 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: «Աթլետիկոն» 44 միավորով երրորդ տեղում է:

Share |

Լրահոս

Loading...