ՊՍԺ-ի ևս երկու առաջատար ֆուտբոլիստ կարող է բաց թողնել ՄՅՈւ-ի հետ խաղը

11:58 10.02.2019

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Լիգա 1-ի 24-րդ տուրի՝ «Բորդոյի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին և կիսապաշտպան Մարկո Վերատին վնասվածքներ ունեն:

Մարզչի խոսքով՝ այս ֆուտբոլիստները կարող են բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջիկա հանդիպումը:

Վերատին ձախ ոտնաթաթի վնասվածքի պատճառով բաց էր թողել ՊՍԺ-ի վերջին հանդիպումները, սակայն «Բորդոյի» հետ խաղում 59 րոպե դաշտում անցկացրեց: Կավանին երեկվա խաղում ազդրի վնասվածք է ստացել: 31-ամյա ուրուգվայցին մասնակցեց առաջին կեսին, իսկ ընդմիջմանը փոխարինվեց:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկու խաղն էլ բաց է թողնելու Նեյմարը, որն ապաքինվում է աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածքից:

Հավելենք՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին, իսկ պատասխան խաղը՝ մարտի 6-ին:

Share |

Լրահոս